
Իսահակ Նյուտոնը ծնվել է 1642 թվականի դեկտեմբերի 25-ին:
Նյուտոնի հայրը, նույնպես Իսահակ անունով, ով հասարակ, բայց՝ ունևոր հողագործ էր, մահանում է որդու ծննդից առաջ։
Երբ Նյուտոնը դառնում է երեք տարեկան, նրա մայրը՝ Աննա Էյսքյունյ նորից է ամուսնանում և գնում է ապրելու նոր ամուսնու մոտ՝ թողնելով որդուն մորական տատի խնամքին։ Պատանի Իսահակը չէր սիրում խորթ հորը և նախատում էր մորը նրա հետ ամուսնանալու համար։
Տասներկուսից մինչև տասնյոթ տարեկանը Նյուտոնը սովորել է Գրենթհեմի դպրոցում։ 18 տարեկանում ընդունվում Թրինիթի (Սուրբ Երրորդության) վարժարան, որն ավարտում է 1666 թ.։
1666-1675 թթ. նա զբաղվում է գիտությամբ։ 1666-ին նա ստեղծեց գրավիտացիայի տեսությունը, 1668-ին ներկայացրեց իր տարբեր ոսպնյակներից բաղկացած «Հայելի-հեռադիտակ»-ը, 1672-ից զբաղվում է լույսի հատկություններով և գրում բազմաթիվ աշխատանքներ։
1675-1682 թթ. Նյուտոնը գիտական աշխատանքներ չի կատարում։ Դրանից հետո նա ստեղծեց գրավիտացիայի օրենքները, բացատրեց մոլորակների էլիպսաձև շարժումը և 1687-ին գրեց իր «Philosophiae Naturalis Principia Mathematika»-ն։
1705 թ. Աննա թագուհին Նյուտոնին շնորհում է ասպետի կոչում, որից հետո նա դառնում է սըր Իսաակ Նյուտոն։ Դա առաջին դեպքն էր, երբ ասպետի կոչում էր շնորհվում գիտական ծառայությունների համար։
Չնայած նրան, որ Նյուտոնը ծնվել էր շատ թույլ առողջությամբ, նա ապրեց 83 տարի։ Նա մահացել է Լոնդոնից ոչ հեռու գտնվող Քենսինգթոն քաղաքում 1727 թ. մարտի 20 (31)-ին։ Նյուտոնին մեծ հանդիսավորությամբ թաղում են Լոնդոնի Վեստմինսթեր մատուռում։
Օպտիկային վերաբերող առաջին՝ «Լույսի և գույների նոր տեսություն» (1672 թ.) աշխատանքում Նյուտոնն արտահայտել է «լույսի մարմնականության» մասին իր հայացքները (լույսի մասնիկային հիպոթեզը)։ Այդ աշխատանքի առաջացրած բուռն բանավեճերում Նյուտոնի հայացքների հակառակորդն էր Ռոբերտ Հուկը, ով այդ ժամանակ իշխող ալիքային պատկերացումների կողմնակիցն էր։ Պատասխանելով Հուկին՝ Նյուտոնն արտահայտել է լույսի մասնիկային և ալիքային պատկերացումները համատեղող հիպոթեզ։ Այդ հիպոթեզը նա հետագայում զարգացրել է «Լույսի և գույների տեսություն» աշխատության մեջ, որտեղ նկարագրել է Նյուտոնի օղակներով փորձը և հաստատել լույսի պարբերականությունը։ Նյուտոնի օղակներ, հավասար հաստության ինտերֆերենցիոն համակենտրոն շերտեր, որոնք դիտվում են երկու մակերևույթների (երկու գնդերի, հարթության և գնդի) հպման կետի շուրջը։ Ինտերֆերենցիան տեղի է ունենում հպվող մարմինները բաժանող բարակ բացակում (սովորաբար օդային), որը բարակ թաղանթի դեր է կատարում։ Մոնոքրոմատիկ լույսով լուսավորելիս հպման կետում առաջանում է սև բիծ շրջապատված հերթագայող լուսավոր և մութ օղակներով։ Այս երևույթը դիտել և նկարագրել է Նյուտոնը 1675 թ.։ Ոչ մոնոքրոմատիկ լուսային փնջի դեպքում մութ և լուսային օղակների փոխարեն դիտվում են գունավոր օղակներ։ Գույները դասավորված են լինում որոշակի հաջորդականությամբ և կոչվում են «Նյուտոնի գույներ»
Լոնդոնի Թագավորական ընկերության նիստում այդ աշխատությունն ընթերցելիս, Հուկը հանդես է գալիս առաջնայնության հավակնությամբ, և Նյուտոնը չի հրապարակում օպտիկային վերաբերվող աշխատանքները (այդ աշխատանքը հրապարակվում է միայն 1704-ին՝ Հուկի մահից հետո)։
«Օպտիկայում» Նյուտոնը նկարագրել է լույսի դիսպերսիայի հայտնաբերման ուղղությամբ իր կատարած խիստ մանրակրկիտ փորձերը, լույսի ինտերֆերենցիան բարակ թիթեղներում և ինտերֆերենցիոն գույների փոփոխությունը Նյուտոնի օղակներում՝ կախված թիթեղի հաստությունից։ Ըստ էության, նա առաջինն էր, որ չափեց լուսային ալիքի երկարությունը։
Իր նշանավոր Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները աշխատությունը Նյուտոնն ստեղծել է 1684-1686 թթ. Կարելի է ասել, որ դա եղել է իր կյանքի գլխավոր գիրքը, որի վրա աշխատելիս իրեն ամբողջությամբ նվիրել է այդ գործին։ Դա է վկայում նաև գիտնականի ազգական և այդ տարիների օգնական Հեմփրի Նյուտոնն իր հուշերում։
Գրքի հրատարակումը նախատեսված էր իրագործել Թագավորական ընկերության միջոցներով, սակայն, 1686 թ. սկզբին ընկերությունը լույս էր ընծայել պահանջարկ չգտած ձկների պատմության մի տրակտատ և դրանով սպառել էր իր բյուջեն։ Ծախսերն իր վրա վերցրեց Գալիլեո Գալիլեյը, ում, որպես հատուցում՝ ընկերությունը նվիրաբերեց ձկների պատմության տրակտատի հիսուն օրինակ։
Գրքի երեք հատորները լույս են տեսել 1687 թ. և նրա երեք հարյուր օրինակ տպաքանակը սպառվել է այն ժամանակվա համար շատ արագ՝ չորս տարում: