Վարդավառ կամ Վարդեվառ, որպես քրիստոնեական տաղավար տոն՝ Քրիստոսի այլակերպություն կամ Քրիստոսի պայծառակերպություն, հայ ժողովրդական նախաքրիստոնեական և քրիստոնեական տոն, ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Գրիգոր Լուսավորիչը փոխել է Հիսուս Քրիստոսի այլակերպության տոնով։ Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։
Հայաստանի շատ բնակավայրերում, սակայն տեղական ավանդույթի համաձայն, Վարդավառը նշվում է այլ օրերի՝ հուլիսի կեսերից մինչև օգոստոսի սկիզբը: Որպես օրինակ՝ Տավուշում, Լոռիում այս տոնը նշվում է հուլիսի 20-ին հաջորդող կիրակի օրը։
Վարդավառը հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելիներից մեկն է, ամառային ամենասիրված տոնը։ Քաղաքներում Վարդավառն ավելի շատ համարվում է մանկական տոն, երեխաները հենց այդպես էլ ասում են «ջրոցի խաղալ» կամ «Վարդավառ խաղալ», այսինքն՝ ուրախ ջրել անծանոթներին և անցորդներին։
Տոնակատարություն
Վարդավառը ուներ տոնահանդեսի արարողակարգի հաջորդականություն, որ որոշակի հստակեցում էր մտցնում հանդիսությունների շղթայում: Տոնին բնորոշ ծեսերը ընդհանրական էին, որ ըստ դրանց ամենուր տոնը բնորոշվում էր. այդպիսիք էին, օրինակ, միմյանց վրա ջուր ցողելու, աղավնիներ թռցնելու, միմյանց ծաղիկներ նվիրելու, եկեղեցի հասկեր տանելու և օրհնել տալու սովորությունները, ուխտագնացությունները, զոհաբերությունները, գիշերային հանդեսները և այլն: Կատարման ժամանակով Վարդավառը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկների հավաքին: Տոնի օրը գրեթե ամենուր հասկեր էին տանում եկեղեցի’ խնդրելով, որ դաշտերը կարկուտից ու մորեխից անվնաս մնան: Ընդհանրացված սովորույթ էր, որ տարվա առաջին խնձորը ուտեն Վարդավառին։ Սարերում Վարդավառի ամենաուրախ հանդեսներին հավաքվում էին լարախաղացներ, կազմակերպվում էին պարեր, տոնավաճառներ, և զբոսախնջույքներ: Ուխտավայրերում կատարվող վարդավառյան հանդիսությունները երբեմն հիշեցնում էին նավասարդյան տոնահանդեսները: