Պարսկաստանում Սասանի որդի Արտաշիրը դավադրությամբ սպանում է պարթևների թագավոր Արտավանին և վերջ դնում պարթև Արշակունիների թագավորությանը։ Երբ Արտավանի սպանության գույժը հասնում է Հայաստան, հայոց Արշակունի Խոսրով թագավորին, վերջինս մեծ ցավով է ընդունում այդ լուրը և նախապատրաստվում պատերազմի։ Խոսրովը նախ օգնություն է խնդրում Հռոմի Փիլիպոս կայսրից, ապա հավաքում աղվանից ու վրաց զորքերը, բացում Ալանաց ու Ճորա պահակի դռները հոների առաջ, հնարավորություն տալով այդ ռազմի ցեղերին՝ ասպատակելու և սփռվելու Պարսից աշխարհով մեկ։ Իսկ ինքը՝ Խոսրովը, հսկա զորքով արշավում է Ասորեստանի կողմերը, հասնում մինչև Տիզբոն, ավարում Պարսից աշխարհը, ավերում շեն քաղաքներն ու բարեկարգ ավանները, ջնջում, քանդում, հիմնահատակ անում ու վերացնում պարսից տերությունն ու կարգերը։ Խոսրովը ամեն կերպ ուզում էր վրեժ լուծել Արտաշիրից իր տոհմակից Արշակունիների իշխանությունը խլելու և Արտավանի արյան համար։ Խոսրովը պատգամավորներ է ուղարկում պարթևական տոհմերին ու նախարարներին՝ ի մի հավաքվելու, իրեն զորավիգ կանգնելու և Արտաշիրի դեմ կռվելու համար։ Սակայն պարթև ազնվականների մեծ մասը հնազանդվել էր Արտաշիրին և չէր ուզում Խոսրովի հետ միաբանվել։Այն ժամանակ Խոսրովը հայոց զորքերով և իրեն օգնության եկած կովկասյան ցեղերի զորքի հսկա բազմությամբ ճակատամարտի է ելնում պարսից զորքի դեմ։ Արտաշիրը չի դիմանում Խոսրովի զորքերի ճնշմանը և փախուստի է դիմում։ Խոսրովը հետապնդելով պարսիկներին՝ դաժանաբար կոտորում է նրանց ամբողջ զորքը, դաշտերն ու ճանապարհներն ամբողջապես ծածկում դիակներով։ Խոսրովը կատարյալ հաղթանակ է տանում, բազում ավարով և մեծ ցնծությամբ վերադառնում է Հայոց աշխարհ՝ Վաղարշապատ քաղաքը։Ի պատիվ իր տարած մեծ հաղթանակի, Խոսրովը հրամայում է բոլոր կողմերի հայությանը՝ ուխտի գնալ յոթ մեհյանների բագիններին, Արշակունի տոհմի հայրենական պաշտամունքի վայրերը մեծարել մեծ նվիրատվություններով։