Բյուզանդական կայսրություն (Բյուզանդիա, երբեմն նաև Արևելյան Հռոմեական կայսրություն), Ուշ անտիկ ժամանակաշրջանում և Միջին դարերում գոյություն ունեցած կայսրություն։ Մայրաքաղաքը՝ Կոստանդնուպոլիս: Հարևանները և կայսրության բնակիչները կոչում էին այն Հռոմեական կայսրություն կամ Ռոմանիա։ Բյուզանդական կայսրությունը բուն Հռոմեական կայսրության իրավահաջորդն էր: Սակայն ներկայումս Բյուզանդիան առանձնացվում է Հին Հռոմից, քանի որ Բյուզանդական կայսրությունում տիրապետում էր հունական մշակույթը հռոմեականի, քրիստոնեությունը հռոմեական հեթանոսության և հունարենը լատիներենի փոխարեն։