Рубрика: Կենսաբանություն 2020 - 2021, Uncategorized

Տափակ որդեր

Առաջին եռաշերտ կենդանիներն են։ Երրորդ սաղմնային թերթիկը՝ մեզոդերմը ներկայացված է պարենքիմայով և առանձին մկանային հյուսվածքով(աղեխորշավորներն ունեն ծածկույթամկանային և մարսողամկանային ամբողջական հյուսվածքներ)։ Մարմինը տափակեցված է դորզովենտրալ (մեջքափորային) ուղղությամբ և ձգված է երկարությամբ, խոռոչ չունի։

Ներքին օրգաններ

Ներքին օրգաններն ընկղմված են պարենքիմայի (շարակցական հյուսվածքի) մեջ։ Այդ պատճառով տափակ որդերին հաճախ անվանում են պարենքիմային։ Ցածր աստիճանի կազմավորված կենդանիներ են։ Տափակ որդերն առաջին կենդանիներն են, որոնց մոտ երևան են եկել մարմնի երկկողմ համաչափությունը, մարսողության և արտաթորության օրգանները։ Սրանց մոտ առաջին անգամ դիտվում է նաև կենդանու վարքագիծը կարգավորող կենտրոնական նյարդային ապարատ՝ զույգ ուղեղային հանգույցներ («գլխուղեղ»)։ Վերջիններից սկիզբ են առնում երկայնակի նյարդային բներ, որոնք միանում են իրար լայնակի նյարդային թելերով։

Տափակ որդերի բազմացումը

Արյունատար և շնչառական օրգաններ

Արյունատար և շնչառական օրգաններ չունեն։

Մարսողական համակարգ

Մարսոական համակարգը սկսվում է բերանային անցքով, որին հաջորդում են ըմպանը, կերակրափողը և երկճյուղ կույր վերջացող ազիները։ Հետանցքը բացակայում է, և կերային մնացորդներն օրգանիզմից դուրս են բերվում բերանով։ Տրեմատոդների որոշ տեսակների աղիքային ճյուղերի հետին մասերը բացվում են միզապարկի մեջ կամ մաշկամկանային շերտի արտաքին մակերեսին։

Սեռական համակարգ

Երկու Տուրբելարիաների զուգավորումը

Սեռական օրգանները զբաղեցնում են մարմնի հիմնական մասը։ Սեռական համակարգը բավականին բարդ է։ Այն բաղկացած է ոչ միայն սեռական գեղձերից, այլև սեռական ծորաններից ու լրացուցիչ օրգաններից։ Թարթչապատ թրթուրը (միրացիդ) ներթափանցում է մակաբույծի միջանկյալ տիրոջ (խխունջի) օրգանիզմ, որտեղ միրացիդից ձևավորվում է սպորոցիստ, ապա՝ ռեդիա, որից հետագայում զարգանում են ցերկարները։ Վերջինների գործունեության շնորհիվ ձվաբջիջը ապահովվում է սննդանյութերով, ձևավորվում է նրա թաղանթը և գոյանում բոժոժ։ Որպես կանոն հերմաֆրոդիտներ են, ունեն զուգավորման ապարատ։

Рубрика: Գրականություն 2020 - 2021, Uncategorized

25.02.2020

1. Գտնել հետաքրքիր պատմություններ, հիշողություններ Թումանյանի մասին: Բլոգում տեղադրելիս՝ պարտադիր նշեք աղբյուրը:

Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:
Մեր անուններից երեքը Թաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:
***
Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:
***
Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին:  Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:
***
Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:
***
Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները:  Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Նրա հայտնի քեֆերն ու ժամանցներն ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր և´ իրեն, և´ ուրիշներին. «…Ուզում եմ մի կերպ ժամանակն անց կացնել, քեֆի մեջ լինի, թե զրույցի»:
«Իմ ուրախության ժամերին մասնակից եմ անում բոլորին, իսկ իմ արցունքներն ու վիշտը հայտնի են միայն ինձ»,- Կարլեյլի այս խոսքը հայրիկը կարող էր ասել իր մասին:
Շատ ոգևորվող էր և ուրիշներին էլ ոգևորող, տրամադրող:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:
***
Գրական միջավայրի մեծ հաշտեցնողն ու հուսադրողն էր: Ամեն ընդհարում, գժտություն կարողանում էր մեղմացնել, վերացնել: Այդ գիծը ժառանգել էր հորից: Մերձավորներն ասում էին` նա զարմանալի կերպով կարողանում էր իրար դեմ լարված կողմերը հաշտեցնել, հանգստացնել, ներդաշնակություն, խաղաղ տրամադրություն ստեղծել:
Շնորհիվ իր ներքին տակտի, վարվեցողության եղանակի ու ձևի, նրան հաջողվում էր մոտ բարեկամական կապեր հաստատել ռուս, ադրբեջանցի, վրացի և այլազգի գործիչների, գրողների, արվեստագետների հետ, թեկուզև նոր ծանոթ լիներ, կամ դիմացինի լեզուն չիմանար, ինչպես այդ հաճախ պատահում էր զանազան տեղերից եկած հյուրերի հետ, նրանց հետ թարգմանի միջոցով կարողանում էր մտերմանալ և բարեկամանալ:
Կարողանում էր իրար հետ գժտված մարդկանց հաշտեցնել. Նման դեպքեր եղել են ոչ միայն մեր գրողների, այլև վրաց գրողների կյանքից:
Օրինակ մի դեպք, որը հանրահայտ է: Ղազարոս Ազայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:

***
Հայրիկը Աղայանից հետո մտերիմ ընկեր , կարելի է ասել, չունեցավ: Անդրանիկը այն սակավաթիվ մարդկանցից էր, որ առաջին հանդիպումին ընկերական մտերմության կամուրջ ստեղծեց իրենց միջև:
Նա մեծ հայրենասեր էր և ժողովրդասեր: Խառնվածքով ժողովրդական մարդ էր, հասարակ, շատ հասարակ մարդ, ջերմ սրտի տեր: Ժողովրդական ավանդությունների, առակների շտեմարան էր, լավ պատմող էր, զրույց անող և իր զրույցներով ու հետաքրքրիր պատմություններով գրավել էր հայրիկին, որի մեջ լավ զրույց անողի, պատմողի սերը շատ էր ուժեղ:
Նրանց մտերմացնող հանգամանքներից մեկն էլ հայ ժողովրդի ծանր վիճակն էր: Երկուսին էլ մտահոգում էր ժողովրդի ճակատագիրը, հատկապես 1915-1916 թվականներին: Երկուսն էլ քննադատորեն էին վերաբերվում դաշնակցությանը: Շատ հարցերում նրանց տեսակետները համընկնում էին: Երկուսն էլ օպոզիցիոն դիրք էին բռնել դեպի ազգային խորհուրդը: Քանի-քանի երեկոներ մինչև ուշ գիշեր նստած զրույց էին անում, խոսում քաղաքական գործիչներից, դժգոհում, վրդովվում ու ջղայնանում…
-Հա է´, հա~…-ասում էին ու շարունակում իրենց խոսքը:
Անդրանիկն արտաքուստ  խիստ արտահայտություն ուներ, խոժոռ էր, մի քիչ էլ կոշտ դիմագծերով: Բայց երբ ժպտում էր, մեղմանում էր նրա դեմքը, պայծառանում և մանկական արտահայտություն ստանում: Ունենալով այդպիսի նկարագիր, կյանքում փնտրում էր հակառակը` նուրբը, մեղմը, գեղեցիկը: Նրան ձգում էր, գրավում էր կանացի քնքշությունը: Հիշում եմ, այդ ժամանակ Թիֆլիսում, Գոլովինսկի պողոտայում, Արտիստական թատրոնի մոտ բացվել էր «Чашка чая» կաֆե: Այնտեղ տեսել էր մի ջահել, սիրուն աղջկա, որ մատուցողներից էր: Անդրանիկի վրա մեծ տպավորություն էր արել այդ աղջկա նազանքը, նուրբ ու կիրթ շարժումները: Մի անգամ ասաց . «Այդ աղջիկը իր նազանքով զիս կվառե, հոգիս կհանե…»:
***
Վրաց պոետներն ու գրողները առանձին ակնածանքով էին վերաբերվում հայրիկին: Երբ նրա հետ անցնում էինք Դվարցովայա փողոցով, վրացիները հեռվից տեսնելով նրան, մոտենում էին, կանգնում, ողջունում. “Привет Арарату!”: Իսկ երբ մեր տան մոտովն էին անցնում, գիշեր լիներ թե ցերեկ, հայրիկին դուրս էին կանչում պատշգամբ, ողջունում էին, մի ջերմ խոսք ասում` անցնում կամ ուղղակի բարձրանում էին տուն, իրեն մոտ:

Աղբյուր՝ http://toumanian.am/toumanian/html/namakani/hushertoummasun.html

2. Կարդա՛ Թումանյանի ,,Հսկան,, ստեղծագործությունը:
Բացատրի՛ր անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ:
Գրի՛ր ստեղծագործության ասելիքը՝ արտահայտելով քո վերաբերմունքը: