| Այնպես անխինդ են և նըման լացին Երգերն իմ երկրի, այնպես տխրագին. Մեզ չի հասկանա օտարերկրացին, Մեզ չի հասկանա սառն օտարուհին։ Այն մելամաղձիկ, լացող, միալար Ելևէջները ներդաշնակ այնպես Եվ հարազատ են սրտին մեր մոլար, Հոգուն մեր բեկված, ավերված, հրկեզ… Տեսնում եմ ահա գյուղերը մեր խեղճ, Եվ թուխ դեմքերն այն տխրության սովոր. Իմ ժողովուրդը անել վշտի մեջ, Երկիին իմ անբախտ և աղետավոր։ Թող հնչե երգն այդ դառն ու ցավածին, Երգը հայրենի ցավագար ու հին, Մեզ չի հասկանա օտարերկրացին, Մեզ չի հասկանա սառն օտարուհին… Վահան Տերյան |
մելամաղձիկ-ընկճված տրամադրության մեջ գտնվող
ցավածին-տանջանքից ծնված
ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ
Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենի՛ք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։
Հովհաննես Շիրազ
ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է.
Կլինե՛մ, կմնա՛մ այսպես: Համո Սահյան:
Տնային ՝ Հայաստանը իմ տուն է