Рубрика: Պատմություն 2020 - 2021

Հոկտեմբերի 18-22, առաջադրանք 6, 8-րդ դասարան

  • Հիմնավորիր գաղութահայ կենտրոնների առաջացման պատճառները

Հայ ազատագրական գործում անժխտելի է գաղութահայ կենտրոնների դերը, որոնք սկսեցին աշխուժանալ XVIII (18-րդ) դարի կեսերից: Առանձնահատուկ տեղ ուներ հնդկահայ գաղութը: Հնդկաստանում հայերը հաստատվել էին դեռևս XVI – XVII դարերում: Նրանք հիմնականում զբաղվում էին վաճառականությամբ և մեծ հաջողություններ էին արձանագրել այդ ոլորտում: Երբ Եվրոպական պետություններն սկսեցին ներթափանցել Հնդկաստան, հայերն արդեն այնտեղ մեծ կշիռ ունեին: Պատահական չէ,  որ անգլիական «Արևելահնդկական ընկերությունը» դյուրությամբ Հնդկաստան մուտք գործելու և հայ վաճառականների հետ մրցակցությունից խուսափելու նպատակով 1688 թ. պայմանագիր կնքեց նրանց հետ, պարտավորվելով հայ վաճառականների ապրանքներն անգլիական նավերով արտահանել Եվրոպա: Ամրապնդվելով Հնդկաստանում ՝ անգլիացիներն սկսեցին սահմանափակել հայ վաճառականության իրավունքները: Հզոր Անգլիան, ի վերջո, ուժով կարողացավ տիրել գրեթե ողջ Հնդկաստանին: Հնդկահայ բուրժուազիայի ներկայացուցիչներն, անհանգստանալով իրենց կապիտալի համար, սկսեցին գիտակցել սեփական պետության անհրաժեշտությունն ու նշանակությունը: Նման գործիչներից էր Հովսեփ Էմինը:

  • Գրավոր պատմիր Հովսեփ Էմինի և նրա գործունեության մասին: (Առաջադրանք 4)

Հովսեփ Էմինը ծնվել է 1726թ. Պարսկաստանի Համադան քաղաքում: Այստեղից իր ընտանիքը տեղափոխվել է Հնդկաստան և հաստատվել Կալկաթայում: Երիտասարդ Էմինը գիտեր Հայաստանի ծանր վիճակի մասին, տեսնում էր իր հայրենակիցների թշվառությունը, դա հատկապես ակնառու էր, երբ համեմատում էր եվրոպացիների բարվոք պայմանների հետ: Նա ոգևորված էր Արցախի և Սյունիքի ազատագրական պայքարով: Էմինը երազում էր տիրապետել ռազմական արվեստին և զենքի ուժով ազատագրել հայրենիքը: Հոր կամքին հակառակ, որն ուզում էր նրան վաճառական դարձնել, 1751 թ. – ին մեկնում է Անգլիա և ընդունվում Վուլվիչի թագավորական զինվորական ակադեմիա: Այստեղ ծանոթանում է անգլիական քաղաքական ու պետական գործիչների հետ և նրանց ներկայացնում իր գալու նպատակները, Էմինին հաջողվում է նաև տեսակցել Անգլիայի վարչապետի հետ: Սակայն նա համոզվում է, որ Հայաստանի ազատագրման իր գաղափարները չեն համընկնում Անգլիայի շահերին: 1759 թ. – ին Էմինը գալիս է Հայաստան: Արևմտյան Հայաստանով ճանապարհորդելու ընթացքում զրույցի բռնվելով հայրենակիցների հետ ՝ նա խոսում է հայրենիքի պատմության փառավոր դրվագների մասին: Բերելով արևմտյան քրիստոնյաների օրինակը ՝ կոչ է անում պայքարելու հանուն ազատության: Ծանոթանալով իրավիճակին ՝ Էմինը համոզվում է, որ օտար տիրապետության դեմ ազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ հարևան պետության օժանդակությամբ: Այս առումով նա հնարավոր դաշնակից էր համարում Ռուսաստանին կամ Վրաստանին: Վերադառնալով Անգլիա ՝ Էմինը ներկայանում է ռուսական դեսպանին: Նրանցից վերցնելով Ռուսաստանի վարչապետ Մ. Վորոնցովին ուղղված երաշխավորական նամակ ՝ ճանապարհվում է Սանկտ Պետերբուրգ: Էմինը Վորոնցովին ներկայացնում է Հայաստանի ազատագրության իր ծրագիրը, որն իրագործելու համար մտադիր էր դաշնակցել վրաց Հերակլ II թագավորի հետ: Վորոնցովն ընդառաջում է Էմինի խնդրանքին և Հերակլ II – ին ուղղված նամակով նրան ճանապարհում Վրաստան: Վրաց թագավորը համաձայնում է օժանդակել Էմինի ծրագրին: Հայաստանում ազատագրական շարժումը կազմակերպելու համար Էմինը կապեր է հաստատում Մշո Ս. Կարապետ վանքի վանահայր Հովնանի հետ: Էմինը և Հերակլ II – ը 1764 թ. խրախուսական նամակներ են ուղարկում Հովնանին, սակայն Երևանում խանի մարդիկ ձերբակալում են նամակատարին: Ամենայն հայոց  կաթողիկոս Սիմեոն Երևանցին, տեղեկանալով այդ մասին, կշտամբում է Հերակլ II – ին «անզգույշ քայլերի» համար, որոնք կարող էին առաջացնել պարսկական իշխանությունների վրեժխնդրությունը հայերի հանդեպ: Ստիպված Հերակլը Էմինից պահանջում է հեռանալ Վրաստանից: Մեկ տարի Հյուսիսային Կովկասում մնալուց հետո ՝ 1766 թ., Էմինը վերադառնում է Հայաստան և հաստատվում Գետաշենում ՝ Գյուլիստանի մելիք Հովսեփի մոտ: Արցախի իրադրությանը ծանոթանալու համար Էմինը լինում է նաև Շուշիում, ապա անցնում Գանձասար: Այստեղ նրան տեղեկացնում են, որ Սիմեոն Երևանցին հրամայել է չընդունել և չօժանդակել իրեն: Համոզվելով, որ Արցախում ևս կատարում են կաթողիկոսի այդ հրամանը ՝ Էմինը որոշում է վերադառնալ Ռուսաստան: Սակայն լսելով, որ Խոյի ու Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են տասնութ հազար զինվոր տրամադրել իրեն ՝ Էմինը ճանապարհվում է Խոյ: Չունենալով պահանջվող գումարը ՝  նա չի կարողանում զորք վարձել: Այսքանից հետո նա 1770 թ. – ին վերադառնում է Հնդկաստան:

Հետոզոտական նյութ.Հայ ազատագրական շարժման աչքի ընկնող ղեկավարներից մեկը`   Հովսեփ Էմինը ծնվել է 1726թ. Պարսկաստանի Համադան քաղաքում: 1751—1759 թվականներին բնակվել է Մեծ Բրիտանիայում, ուր ուսումնասիրել է ռազմարվեստ և լեյտենանտի կոչումով մասնակցել է ֆրանսիացիների դեմ անգլիացիների ռազմական գործողություններին։1759թ. Էմինը եկել է Հայաստան, ուր փորձել է կազմակերպել հայերի ապստամբությունը թուրքերի դեմ: 1761թ. բանակցություններ էր վարել ռուսական կառավարության հետ Սանկտ Պետերբուրգում, որպեսզի ռուսները օգնություն տրամադրեն հայ ազատագրական պայքարին։Վրաստանում գտնվելիս 1763 թ. փորձել է Թուրքիայի դեմ պայքարի մեջ ներգրավել Հերակլ Բ վրաց թագավորին, բայց օգնություն չստանալով նրանից, ինչպես նաև հայկական կաթողիկոս Սիմեոնից Վրաստանից, 1764թ. մեկնել է Ղարաբաղ՝ Մելիք Հովսեփի մոտ: Արցախում նա մասնակցել է Մահմուդ Շահի դեմ մարտին՝ պաշտպանելով Գետաշենը:1770 թվականից Հովսեփ Էմինը բնակվել է Կալկաթայում: Իր կյանքի պատմությունը Հովսեփ Էմինը գրի է առել 1792թ. Լոնդոնում տպագրված «Հայազգի Հովսեփ Էմինի կյանքը և արկածները, որը ինքն է գրել անգլերեն լեզվով» («The Life and Adventures of Joseph Emin an Armenian, written in English by himself») գրքում:

  • Ներկայացնել Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանի և Շահամիր Շահամիրյանի նախագծերը: Հիմնավորիր Հայաստանի ազատագրության երեք ծրագրերից որն էր առավել իրատեսական:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ (ՇԱՀԱՄԻՐ ՇԱՀԱՄԻՐՅԱՆԻ) ԾՐԱԳԻՐԸ

Ռուսաստանի հովանու տակ հայկական պետականությունը վերականգնելու 20 հոդվածից բաղկացած նախագիծ կազմել էր Շահամիր Շահամիրյանը: Այս նախագծով Ռուսաստանի օգնությամբ ազատագրված Հայաստանը պետք էր հռչակվեր հանրապետություն՝ պառլամենտական կառուցվածքով: Կառավարությունը պետք է գլխավորեր ազգությամբ հայ նախարարը: Հայաստանում 20 տարի ժամկետով պետք է մնար 6 հազարանոց ռուսական զորք: Հայաստանը տարեկան հարկ պիտի վճարեր Ռուսաստանին և անհրաժեշտության դեպքում տրամադրեր նաև զորք: Առաջարկվում էր երկու երկրների միջև սահմանել ազատ երթևեկություն: Հայաստանի կառավարությունը Պետերբուրգում պետք է ունենար իր դեսպանը:

Հովսեփ Արղությանի ծրագրի օրինակով Շ. Շահամիրյանի նախագիծը ևս ներկայացվել է ռուսական կառավարությանը, սակայն իշխանությունների կողմից դրանք բավարար ուշադրության չեն արժանացել ու չեն քննարկվել:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ (ՀՈՎՍԵՓ ԱՐՂՈՒԹՅԱՆԻ) ԾՐԱԳԻՐԸ

18-րդ դարի 80-ական թթ. աշխուժացավ հայ պետականության վերականգնման համար ազատագրական ծրագրի մշակումը: Դրան մեծապես խթանեց 1783թ. Ռուսաստանի և Վրաստանի միջև կնքված Գեորգիևյան դաշնագիրը: Դրանով Ռուսաստանն իր հովանավորության տակ էր առնում և զորք տրամադրում Վրաստանին: Այդ դաշնագիրը մեծ արձագանք գտավ հայկական շրջաններում: Դրա հետ մեծ հույսեր էին կապում ինչպես Հովսեփ Արղությանը Ռուսաստանում, այնպես էլ Շահամիր Շահամիրյանը Հնդկաստանում:

Հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներ Հովսեփ Արղությանը և Հովհաննես Լազարյանը 1780-ական թվականների սկզբին բանակցություններ էին վարում ռուսական պետական գործիչների հետ՝ արշավանք կազմակերպելու և Հայաստանը ազատագրելու մասին:

Նրանք կազմում են նաև Հայաստանի ազատագրման և հայ-ռուսական դաշնագրի մի նախագիծ: Այն բաղկացած էր 18 հոդվածից: Առաջին երեք հոդվածները նվիրված էին հայ և ռուս ժողովուրդների միջև կրոնական տարաձայնությունների կարգավորմանը: Այնուհետև առաջարկվում էր Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել հավիտենական դաշինք: Դրա համաձայն, Հայաստանում լինելու էր չափավոր քանակի ռուսական զորք՝ երկիրը հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար: Հայաստանը պետք է հանքերից և եկամուտներից հարկ վճարեր Ռուսաստանին, իսկ պատերազմի ժամանակ ցուցաբերեր ռազմական օգնություն: Հայոց թագավորի ընտրությունը կատարելու էր ռուսաց կայսրը, որն այնուհետև պետք է օծվեր Էջմիածինում: Առաջարկվում էր Հայաստանի մայրաքաղաք դարձնել Վաղարշապատը կամ Անին: Սահմանվում էին Հայաստանի դրոշը, զինանշանը, շքանշանները և այլն: Նախկին հողատերերին վերադարձնելու էին իրենց կալվածքները, սակայն առանց գյուղացիներին ճորտացնելու իրավունքի: Առաջարկվում էր Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել առևտրական պայմանագիր և Կասպից ծովի ափին Հայաստանին տրամադրել նավահանգիստ:

ԿԱՐԾԻՔ.

Ես կարծում եմ, որ երկու նախագծերն էլ միմյանց շատ նման են, և ավելի իրատեսական է Շահամիր Շահամիրյանի ծրագիրը, քանի որ ավելի հնարավոր իրականացվող պայմաններ են առաջադրված:

Աղբյուրներ՝

Հովսեփ էմին:

Հովսեփ Էմինի ազատագրական գործունեությունը

Շահամիր Շահամիրյան/ֆիլմ/

Շահամիր Շահամիրյան

Հովսեփ արքեպիսկոպոս Արղության

ՀՈՎՍԵՓ ԱՐՂՈՒԹՅԱՆ. XVIII դարի հայ ազատագրական շարժման փայլուն գործիչ

Оставьте комментарий