ՏԱՐ ԻՆՁ, ԺԱՄԱՆԱԿ
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:
Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:
Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:
Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:
Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:
Մարդիկ, ձեզ շատ հավատացի,
Եղա ձեզ մոտ ու մտերիմ…
Տվի վերջին հատիկն էլ իմ
Դժվարությամբ հավաքածի:
Մարդիկ, ձեզ շատ հավատացի…
Թեկուզ խաբված հազար անգամ՝
Ձեզ բացեցի մինչեւ անգամ
Խորհուրդն Աստծո առաքածի:
Մարդիկ, ձեզ շատ հավատացի,
Բայց ստերի այս սեւ դարում
Հավատացողն ի՞նչ է շահում,
Շատ-շատ՝ մի բախտ հալածվածի:
Թեկուզ բախտով հալածվածի
Ես ինձ մանկան պես եմ պահում,
Խաբեության այս աշխարհում
Մարդիկ, ձեզ շատ հավատացի:
Շատ եմ սիրում Համո Սահյանի <<Տար ինձ ժամանակ>> բանաստեղծությունը: Բանաստեղծությունը յուրաքանչյուր մարդ ընթերցելու ընթացքում կարող է հանգստանալ, հանդարտանալ և սկսել մտածել: Կարծում եմ, ինչքան էլ որ ժամանակը իր թևերի վրա հեռու տանի, միևնույն է, հիշողություններից մարդը չի կարող փախչել: Ինձ համար այս բանաստեղծության իմաստը այն էր, որ մարդ պետք է ժամանակի հետ միաժամանակ քայլի և ետ չմնա: