Կուզես պայթիր
Կուզես պայթիր, կուզես ճչա,
Քեզ մարդու տեղ դնող չկա,
Զգույշ, գլխիդ փորձանք չգա,
Սիրտ, անցել է սրտի դարը:
Էլ չեն երդվում քո արևով,
Չեն տաքանում քո բարևով,
Էլ չես վառում դու վառվելով
Սիրտ, անցել է քո հազարը:
Ինչքան տխրես, ինչքան ժպտաս
Ինչքան խփես ու թպրտաս,
Միևնույն է, տանուլ կտաս,
Էլ չի բերում, սիրտ քո զարը:
Միտքն է հիմա սերն աշխարհի,
Աշխարհակալ տերն աշխարհի,
Բեռնակիրն ու բեռն աշարհի,
Եվ աշխարհի ճանապարհը:
Առաջին սերս
Առաջին սերս ձնծաղիկի պես
Ձնհալի միջից մի անգամ ժպտաց,
Ինձ ոտից գլուխ մի անգամ չափեց
Եվ իսկույն փակեց աչիկները թաց։
Երկրորդը խոնարհ մանուշակ էր մի.
Կանաչ թփի մեջ թաքուն ծիծաղեց,
Առավ համբույը ոսկեղեն շողի
Եվ ամոթանքից գլուխը կախեց։
Երրորդը վարդ էր մի բոսորաթերթ,
Ծանոթ էր արդեն արևի ուժին,
Ինձ գերեց, տարավ, խաղաց սրտիս հետ,
Փշերն ինձ տվեց, բուրմունքն ուրիշին։
Այս բանաստեղծությունը անպատասխանի սիրո մասին է, թե ինչպես է նա սիրահարվել և ինչպես են իրեն մերժել: Առաջին սեր անփոխադարձ էր, նրան ուղղակի չէին նկատում, գլուխն կախ անցնում էր իր մոտով: Սահյանը սիրահարվեց նորից, մի մանուշակ աղջկա: Այդ մանուշակի ծիծաղը գերեց գրողին, բայց կրկին անպատասխան էր: Երրորդն մի գեղեցիկ վարդ էր, բայց կրկին խաղաց իր սրտի հետ, գրողին տվեց միայն փշերը, իսկ բուրմունքն ուրիշին:
Ոչինչ չի փոխվի
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։
Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։
Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։
Գրողն ուզում էր ասել, որ իր մահով ոչինչ չի փոխվի կյանքում: Մենք այնքան քիչ նշանակություն ունենք այս կյանքում որ իր կարծիքով ոչինչ չէր պակասի իր մահով: Բայց կարծում եմ նա սխալվում է, ամեն մեկը ինչ-որ նշանակություն ունի այս կյանքում, անպետք մարդկանց դեռ չեմ հանդիպել: