1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը: Պարսկաստանի դեմ տարած հաղթանակներն ամրապնդեցին Ռուսաստանի դիրքերն Անդրկովկասում:
1828 թ. հունիսին ռուսական բանակը գեներալ Ի. Պասկևիչի հրամանատարությամբ անցավ Ախուրյան գետը և շարժվեց դեպի Կարս: Ռուսները և նրանց հետ ևս մի քանի հազար հայ կամավորներ պաշարեցին Կարսի բերդը և հունիսի 23-ին գրոհով տիրեցին Կարսին:
Դրանից հետո ռուսական զորքերը հուլիս-օգոստոսին գրավեցին Ջավախք գավառը՝ Ախալքալաք կենտրոնով, Ախալցխան ու Արդահանը:
1828 թ. օգոստոսին ռուսական զորքերի Երևանյան ջոկատը տեղացի հայերի աջակցությամբ գրավեց Բայազետի ու Ալաշկերտի գավառները:
Անգլիայի հրահրմամբ 1829 թ. փետրվար-մարտ ամիսներին թուրքական զորքերը, մեծ ուժեր կենտրոնացնելով Կարինում, հարձակման անցան Կարսի և Ախալցխային ուղղությամբ: Նրանց հաջողվեց հանկարծակի ներխուժել Ախալցխա և մեծ կորուստներ պատճառել բնակիչներին ու կայազորին: Սակայն Ախալցխայի կայազորը պարետ, գեներալ Վ. Բեհբութովի գլխավորությամբ հերոսաբար մարտնչեց թշնամու դեմ և նրան փախուստի մատնեց:
1829 թ. ռուսական զորքերը գրավեցին Կարինը, Խնուսը, Մուշը, Բաբերդը, Օլթին և այլ վայրեր:
Ադրիանուպոլսի պայմանագիրը: Արևմտահայերրի զանգվածային վերաբնակեցումը: Ռուս-թուրքական պատերազմը ինչպես Բալկանյան, այնպես էլ Կովկասյան ճակատում ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով: 1829 թ. սեպտեմբերի 2-ին Ադրիանուպոլսում կնքվեց հաշտության պայմանագիր:
Այդ պայմանագրով Սև ծովի արևելյան ափերից ընդարձակ մի տարածք, ինչպես և Ախալցխայի ու Ախալքալաքի գավառներն անցան Ռուսաստանին:
1829-1830 թթ. Կարինի, Կարսի, Բայազետի շրջաններից Ռուսաստանի տիրապետության տակ անցան շուրջ 75 հազար հայեր: Կարինցիները բնակություն հաստատեցին հիմնականում Ախալցխայի և Ախալքալաքի, կասեցիները՝ Շիրակի և Թալինի շրջաններում, բայազետցիներն ու ալաշկերտցիները՝ Սևանա լճի ավազանում:
Վերաբնակիչները կառուցեցին բնակարաններ, հողը մշակեցին, այգիներ տնկեցին, ջրանցքներ ու ճանապարհներ շինեցին, կենդանություն և շունչ տվեցին բազմաթիվ հին ու նոր բնակավայրերի: