Рубрика: Ֆիզիկա 9

Մարս

Մարսը Արեգակնային համակարգի Արեգակից հեռավորությամբ չորրորդ և չափերով յոթերորդ մոլորակն է։
Մարսի ռելիեֆը ունի շատ յուրահատուկ առանձնահատկություններ։ Մարսի հանգած հրաբուխ Օլիմպոսը հանդիսանում է Արեգակնային համակարգի ամենաբարձր լեռը, իսկ Մարիների հովիտները ամենամեծ կիրճն է։ Իր Մարս անունը ստացել է հռոմեական պատերազմի աստված Մարսի պատվին, հունական դիցաբանությունում՝ Արես։
Մարսը ունի երկու բնական արբանյակ՝ Ֆոբոսը և Դեյմոսը (հին հունարենից թագմանաբար — «վախ» և «սարսափ» — Արեսի երկու որդիների անունները, որոնք ուղեկցում էին նրան մարտի ժամանակ), որոնք համեմատաբար փոքր են և ունեն անկանոն ձև։ Դրանից բացի, 2008 թվականի հունիսին «Նեյչր» (Nature) ամսագրում հրապարակված երեք հոդվածներում տեղեկացվում էր այն մասին, որ Մարսի հյուսիսային կիսագնդում է գտնվում Արեգակնային համակարգում հայտնի ամենամեծ հարվածային խառնարանը։ Այս խառնարանի երկարությունն է 10,6 հազ. կմ, իսկ լայնությունը 8,5 հազ. կմ, որը մոտավորապես չորս անգամ մեծ է Հելադա նախքան դա ամենամեծ համարվող հարվածային խառնարանից, որը մինչ այդ նույնպես հայտնաբերվել էր Մարսի վրա, նրա հարավային բևեռի մոտակայքում։

Մակերևույթի ռելիեֆի Երկրին նմանությունից բացի, Մարսը ունի երկրայինին նման պտույտի պարբերություն և տարվա եղանակների փոփոխություն, սակայն նրա կլիման շատ ավելի ցուրտ է և չոր։

Ընդհուպ մինչև Մարսի մոտով առաջին տիեզերական սարքի թռիչքը («Մարիներ-4») 1965 թվականին հետազոտողներից շատերը ենթադրում էին, որ նրա մակերևույթին կա ջուր հեղուկ վիճակում։ Այս կարծիքը հիմնված էր Մարսի լուսավոր և գիշերային մասերի պարբերական փոփոխությունների դիտարկումների վրա, հատկապես բևեռամերձ լայնություններում, որոնք շատ նման էին մայրցամաքների և ծովերի։ Մոլորակի մակերևույթի վրայի մուգ բծերը մեկնաբանվում էին որոշ հետազոտողների կողմից, որպես ոռոգման ջրանցքներ նախատեսված հեղուկ ջրի համար։ Ավելի ուշ ապացուցվեց, որ այդ բծերը օպտիկական պատրանքներ էին:

Ցածր ճնշման պատճառով Մարսի մակերևույթին ջուրը չի կարող գոյություն ունենալ հեղուկ վիճակում, սակայն շատ հնարավոր է, որ անցյալում պայմանները եղել են այլ, և այդ պատճառով պարզունակ կյանքի առկայությունը մոլորակի վրա չի կարելի բացառել։ 2008 թվականի հուլիսի 31-ին Մարսի վրա հայտնաբերվեց ջուր սառույցի վիճակում ՆԱՍԱ-ի «Ֆենիքս» սարքի միջոցով։

Ֆիզիկական առանձնահատկություններ
Գծային չափերով Մարսը համարյա երկու անգամ փոքր է Երկրից, նրա հասարակածային շառավիղը հավասար է 3396,9 կմ (Երկրի շառավիղի 53,2 %)։ Մարսի մակերևույթի մակերեսը մոտավորապես հավասար է Երկրի ցամաքների մակերեսին։

Մարսի բևեռային շառավիղը մոտ 20 կմ-ով փոքր է հասարակածայինից, չնայած այն բանին, որ մոլորակի պտույտի պարբերություն մեծ է քան Երկրինը, որը թույլ է տալիս ենթադրել, որ Մարսի պտույտի արագությունը փոփոխվել է ժամանակի ընթացքում։

Մոլորակի պտույտի պարբերությունը 24 ժամ 37 րոպե 22,7 վայրկյան է (աստղերի համեմատ), միջին արևային օրվա երկարությունը կազմում է 24 ժամ 39 րոպե 35,24409 վայրկյան, ընդամենը երկրի օրվանից երկար է 2,7 %-ով։ Այսպիսով, Մարսի տարին բաղկացած է 668,6 մարսյան արևային օրերից։

Մարսը իր առանցքի շուրջ պտտվում է ուղեծրի ուղղահայացի համեմատ 25,19° անկյան թեքումով։ Պտույտի առանցքի թեքումը ապահովում է Տարվա եղանակների փոփոխությունը։ Ընդ որում, ուղեծրի ձգվածությունը բերում է եղանակների ավելի մեծ տարբերությունների և երկարության։ Այսպես, հյուսիսային գարունը և ամառը իրար հետ վերցրած տևում են 371 արևային օր, այսինքն զգալիորեն ավելին քան Մարսի տարվա կեսն է։ Դրա հետ մեկտեղ, նրանք ընկնում են Մարսի ուղեծրի այն հատվածի վրա, երբ Մարսը հեռու է գտնվում Արեգակից։ Այդ պատճառով Մարսի հյուսիսային ամառը երկար է և ցուրտ, իսկ հարավայինը՝ կարճ և տաք։

Հետաքրքիր փաստեր

1. Մարսը «կարմիր մոլորակն» է: Այն այդպես է կոչվում մակերևույթի կարմրավուն երանգի պատճառով, որը ստացվում է երկաթի օքսիդի պատճառով:

2. Մարսն ունի տարվա եղանակներ: Երկրի նման, Մարսն Արեգակի շուրջ իր պտույտի և ուղեծրի հարթության նկատմամբ իր առանցքի թեքվածության հետևանքով՝ ունի տարվա եղանակների փոփոխություն, սակայն նրա կլիման շատ ավելի ցուրտ է և չոր։

3. Մարսի վրա է գտնվում Արեգակնային համակարգի ամենաբարձր լեռը՝ Օլիմպոս (Olympus Mons) հանգած հրաբուխը, որի բարձրությունը 25 կմ է: Համեմատության համար նշենք, որ մեր մոլորակի ամենաբարձր լեռը՝ Էվերեստը, նույնիսկ 9 կմ-ի չի հասնում (8848 մ)։

4. Մարսի վրա է գտնվում Արեգակնային համակարգի ամենամեծ կիրճը՝ Մարիներների հովիտները (Valles Marineris):

5. Մարսի վրա է գտնվում Արեգակնային համակարգի ամենամեծ հարվածային խառնարանը, որի երկարությունն է 10,6 հազար կմ, իսկ լայնությունը՝ 8,5 հազար կմ, որը մոտավորապես չորս անգամ մեծ է, նախքան դա հայտնաբերվելը, ամենամեծը համարվող Էլլադա հարվածային խառնարանից, որը մինչ այդ հայտնաբերվել էր կրկին Մարսի վրա:

6. Մարսի վրա հաճախ են լինում փոշու պտտահողմեր: Դրանք օդի ձագարանման շարժումներ են, որոնք առաջանում են մոլորակի մակերևույթի մոտ և մեծ քանակությամբ փոշի են վեր բարձրացնում։

7. Մարսը լի է սարսափով: Մոլորակն ունի երկու բնական արբանյակ՝ Ֆոբոսը և Դեյմոսը (հին հունարենից թագմանաբար՝ «վախ» և «սարսափ», կոչվում են Արեսի երկու որդիների անուններով, որոնք ուղեկցում էին նրան մարտի ժամանակ):

8. Մարսի մակերևույթը, համեմատած այլ մոլորակների մակերևույթներին, ամենանմանն է Երկրին, սակայն միջին ջերմաստիճանը կազմում է -50 °C:

9. Մարս անունը հռոմեական պատերազմի աստված Մարսի պատվին է, ով հունական դիցաբանությունում համապատասխանում է Արեսին, իսկ հայկականում՝ Հրատին։ Հայերեն «մարտ» («պայքար», «կռիվ» իմաստով) բառը կապվում է հենց Մարս մոլորակի, այսինքն՝ պատերազմի աստծո հետ։

10. Մարսի պատվին է անվանվել տարվա երրորդ ամիսը և շաբաթվա երեքշաբթի օրը (օրինակ, իսպաներեն՝ «martes», ֆրանսերեն «mardi», իտալերեն՝ «martedì», ռումիներեն՝ «marţi»)։

Оставьте комментарий