Պատերազմի վերաճումը թուրք-հայկականի: 1918 թ. գարնանը թուրքերը 50-հազարանոց զորք էին կենտրոնացրել Կովկասյան ճակատում: Նրանք ծրագրել էին նվաճել ամբողջ Արևելյան Հայաստանը, հասնել Բաքու, Դաղստան և Հյուսիսայն Իրան:
Հայ-վրաց-թաթարական միացյալ ուժերով հաջողությամբ կլուծվեր այդ խնդիրը, սակայն մենշևիկներն ու մուսավաթականները շարունակեցին իրենց հակահայ քայլերը:
Չխենկելու կառավարությունը հայերի հաշվին արվող զիջումների գնով փորձում էր համաձայնության գալ թուրքերի հետ: Արդյունքում 1918 թվականի ապրիլի 12 (25)-ին Կարսն առանց դիմադրության հանձնվեց թուրքերին:
Հայկական ուժերը հարկադրված անցան Ախուրյան գետի ձախ ափը: Թուրքական կողմը վերջնագիր ներկայացրեց Ալեքսանդրապոլսում տեղակայված հայկական զորքի հրամանատարությանը: Պահանջվում էր հանձնել քաղաքը և զորքը 25 կմ հեռացնել երկաթուղուց: Չսպասելով վերջնագրի պատասխանին՝ թշնամին մայիսի 15-ին գրվեց քաղաքը:
Այսպիսով՝ թուրք-անդրկովկասյան պատերազմը վերաճեց թուրք-հայկական պատերազմի: Ճակատային գիծը Ջավախքից ձգվում էր Ալեքսանդրապոլ, ապա Արաքս գետով մինչև Մարգարա:
Դեռ մայիսի 7-ին թուրքերը ներխուժել էին Ջավախք: Հայերը համառ դիմադրություն ցուցաբերեցին Ախալքալաքի գավառում: Թուրքական զորամասերը շրջափակել էին նաև Ախալցխան: Թուրքերին այդպես էլ չհաջողվեց գրավել Ախալցխան. մարտերը շարունակվեցին մինչև հունիսի 6-ը:
Կարևոր իրադարձություններից է Շիրակի գոյամարտը: Տեղի բնակչությանը միացան արևմտահայ հազարավոր գաղթականներ և մայիսի կեսերին միացյալ ուժերով մաքրեցին Արագած լեռնազանգվածը քրդերից ու թաթարներից:
Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերը: Ալեքսանդրապոլի գրավումից հետո թշնամու զորքը մտավ Արարատյան դաշտ և ուղղություն վերցրեց դեպի Երևան: Հայ բնակչությունը և Սիլիկյանի գլխավորած Երևանյան զորախումբը համախմբվեցին՝ թշնամու դեմ կռվելու համար:
Հաղթանակի կոփման գործում մեծագույն ներդրում ունեցավ 1918 թ. մարտի 24-ին Երևանի նահանգի դիկտատոր հաստատված Արամ Մանուկյանը:
Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը հրաժարվեց տեղափոխվել Բյուրական և մնաց Սուրբ Էջմիածնում՝ ժողովրդի ու զորքի կողքին:
Մայիսի 19-ին սկսվեց թուրքերի առաջխաղացումը:
Առանձին հայկական կորպուսի Երևանյան զորախմբի կազմում այդ պահի դրությամբ կար մոտ 10 հազար մարտիկ: Նրանցից Սարդարապատի ուղղությամբ կառվում էր 5500-ը: Իսկ թշնամին նույն ուղղության վրա ուներ 6 հազար կանոնավոր զորք և 1500 քրդական հեծելազոր:
Մայիսի 21-ին՝ կատաղի մարտից հետո, յակական ուժերը նահանջեցին՝ հանձնելով Սարդարապատ կայարանն ու գյուղը: Գեներալ Նազարբեկյանը Ղարաքիլիսայից Մ. Սիլիկյանին հրամայեց հակահարձակման միջոցով կանխել թուրքերի առաջխաղացումը դեպի Երևան:
Օրհասական պահին հայ ժողովուրդը, նրա ռազմական և քաղաքական ուժերը միաբանության հիանալի վարքագիծ դրսևորեցին:
Գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանն իր զորամասերին նախապատրաստեց հակահարձակման: Մարտից առաջ կրակոտ ճառ ասաց Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը:
Մայիսի 22-ի առավոտյան հայկական զորքը դիմեց հարձակման: Հաջորդ օրը Սարդարապատը ազատագրված էր:
Պատերազմի ճակատայյին այդ հատվածում կռվող հայկական ուժերը միավորվեցին Սարդարապատի ջոկատի մեջ՝ գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի հրամանատարության ներքո: Սարդարապատի ճակատամարտի օրերին՝ մայիսի 22-ից մինչև 28-ը, թշնամին կորցրեց 3500 սպանված և նահանջեց մոտ 60կմ: Թուրքերը խուճապահար անցան Ախուրյանի աջ ափը:
Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց հայկական զորքի փառահեղ հաղթանակով: Թշնամին կրեց առաջին խոշոր պարտությունը:
Մյուս հաղթանակը նվաճվեց Բաշ Ապարանի ճակատային հատվածում: Թուրքերը մոտ 10 հազար զորքով շարժվեցին դեպի Բաշ Ապարան: Նպատակն էր դուրս գալ Աշտարակ և Քանաքեռի գրավմամբ փակել օղակը Երևանի շուրջը:
Մայիսի 23-ին գեներալ Սիլիկյանը Երևանյան զորախմբի ուժերից 5 հազար հոգու ուղարկեց Բաշ Ապարանի ճակատ, որի հրամանատար նշանակվեց Դրոն: Նույն օրը հայկական ուժերը տարան առաջին հաղթանակը: Նրանց հետ միասին թուքերի դեմ քաջաբար կռվում էր նաև եզդիների ջոկատը: Կատաղի մարտերը Բաշ Ապարանի ճակատում շարունակվեցին մինչև մայիսի 29-ը:
Հայկական ուժերը պարտության մատնեցին թշնամուն: Բաշ Ապարանի հաջողությունը հայոց զորքի երկրորդ խոշոր հաղթանակն էր:
Ղարաքիլիսայի հերոսամարտը: Ալեքսանդրապոլի անկումից հետո Առանձին հայկական կորպուսի ուժերի մի մասը, որ շարժվել էր դեպի Ղարաքիլիսա, մայիսի 22-ին նահանջեց Դիլիջան: Անդրանիկը, ում հանձնարարված էր պահել Ղարաքիլիսայից հյուսիս ընկած տեղամասը, հետ մղեց թուրքական երեք հարձակում, ապա անցավ Դսեղ:
Դիլիջանում, ստանալով Սարդարապատի առաջին հաղթանակի լուրը, ժողովուրդն ու հայկական զորամասերը ոգևորվում են: Մայիսի 25-ին կազմակերպվում է Ղարաքիլիսայի ճակատը: Հայկական կողմն ուներ 7 հազար կռվող, իսկ թուրքերը` 10 հազար:
Առաջին մարտի նետվեց Գարեգին Նժդեհն՝ իր ջոկատով: Այդպես սկսվեց Ղարաքիլիսայի հերոսամարտը: Աչքի ընկան ճակատի հրամանատար գնդապետ Ա. Բեյ-Մամիկոնյանը, գնդապետ Ն. Ղորղանյանը և հարյուրավոր քաջարի մարտիկներ: Թշնամին սկզբում նահանջեց, սակայն շուտով հարձակման անցավ և մայիսիս 30-ին գրավեց Ղարաքիլիսան:
Ղարաքիլիսայի ճակատամարտը կարևոր նշանակություն ունեցավ: Թուրքերը մեծ կորուստներ ունեցան և չշարունակեցին հարձակումը Դիլիջան-Ղազախ ուղղությամբ: Այդ ճակատամարտը նույնպես ապացուցեց, որ բարձրացել է հայ ժողովրդի մարտական ոգին և դիմադրական ներուժը:
Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը: Մեծ եղեռնից և պատերազմից դեռ լիովին ուշքի չեկած հայությունը 1918 թ. գարնան վճռական օրերին կարողացավ ազգովի ինքնակազմակերպվել: Հայ ժողովրդի երկու հատվածների զավակները համախմբվելով կռվեցին հանուն Հայաստանի ազատության և անկախության:
Մեր պատմության ռազմական տարեգրությունը հարստացավ նոր սխրանքներով ու անուններով: Այս հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես և Մեծ եղեռնից մազապուրծ հարյուրհազարավոր արևմտահայեր:
Մայիսյան հերոսամարտերի բոցերում ծնվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը:
Թուրքական կողմը ստիպված էր Բաթումի բանակցություններում մեղմացնել իր պահանջները և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ 1918 թ. հունիսի 4-ին կնքել հաշտության պայմանագիր:
Այսպիսով՝ ռազմաքաղաքական գործընթացների բերումով նորահռչակ հայկական պետությունը դարձավ Առաջին աշխարհամարտի մասնակից կողմ: Հետագայում այդ հիմքի վրա է, որ Հայաստանի Հանրապպետությունը ճանաչում ստացավ Անտանտի երկրների կողմից և իր տարածքային ու քաղաքական իրավունքները ձևակերպեց Սևրի պայմանագրով: