Սուսերամարտ, սառը զենքին տիրապետելու հնարքների համակարգ ձեռնամարտում։ Հայտնի է հնագույն ժամանակներից։ Միջին դարերում համարվել է «ասպետի յոթ առաքինություններից» մեկը։ Սուսերամարտի արվեստը ծագել է 15-րդ դարի սկզբին, ռազմիկի սպառազինությունը հրազենի հայտնագործման հետևանքով թեթև և դյուրակիր դառնալուց հետո։
Սուսերամարտը մարզաձև է, սահմանված կանոններով մենամարտ ճկասուսերի, թրասուսերի կամ խոցասուսերի գործածությամբ։ Պաշտոնական մրցումների ժամանակակից ծրագիրն ընդգրկում է տղամարդկանց և կանանց (միայն ճկասուսեր) թիմային-անհատական մրցաշարեր։ Ճկասուսերի (ռապիրա) քաշը 0,5 կգ է, երկարությունը՝ 1,1 մ։ Մարտի ժամանակ թույլատրվում են խոցումներ իրանի և մեջքի (մինչև գոտկատեղ) տարբեր մասերին։ Մենամարտելիս մարզիկը հագնում է մետաղյա թելերից հյուսված հատուկ բաճկոն, որը հաղորդալարով միացվում է էլեկտրագրանցող սարքին։ Ճիշտ խոցելու դեպքում վառվում է կանաչ կամ կարմիր, մյուս դեպքերում՝ սպիտակ, ազդանշանային լամպ։ Թրասուսերի մարտի դատավարությունը իրականացնում են ավագ և չորս անկյունային մրցավարներ։ Թույլատրվում է հարվածել կամ խոցել գոտկատեղից վեր՝ բացի ծոծրակից։ Խոցասուսերի (շպագա) քաշը մինչև 0,77 կգ է, երկարությունը՝ 1,1 մ։ Սայրի կտրվածքը եռանկյուն է։
Թույլատրվում է խոցել մարմնի բոլոր մասերը, բացի ծոծրակից (նաև ժամանակակից հնագամարտի ձև)։ Սուսերամարտում հաղթում է մինչև 6 րոպեում 5 խոցում կատարող մարզիկը (օլիմպիական մրցակարգի դեպքում՝ 10րոպեում 10 խոցում)։ Մարզիկները հագնում են սպիտակ, թեթև, ամուր կտորից պաշտպանական հագուստ, ցանցապատ սաղավարտ, ձեռնոց՝ սուսերակիր ձեռքին։ Մրցուղյակի երկարությունը 18 մ է։ 1896 թվականից Սուսերամարտի օլիմպիական խաղերի ծրագրում է (կանանցը 1924 թվականից)։ 1937 թվականից անց է կացվում աշխարհի ամենամյա առաջնություն, 1906-1936 թվականներին անցկացվել է Եվրոպայի առաջնություն, 1960թվականից տեղի են ունենում Եվրոպայի գավաթի թիմային և անհատական մրցումներ (1964 թվականից՝ չեմպիոնատներ)։ Ռուսաստանում մարզական Սուսերամարտ հայտնի է XVII դարի վերջից։ Պաշտոնական մրցումներ կազմակերպվել են 1860 թվականից (սկզբում միայն սպաների համար)։ 1924 թվականին տեղի է ունեցել Մոսկվայիառաջին չեմպիոնատը, 1925 թվականին հիմնվել է Սուսերամարտի Համամիութենական սեկցիան (1958 թվականից՝ Սուսերամարտի ԽՍՀՄ ֆեդերացիա)։ ԽՍՀՄ առաջնություններ անցկացվում են 1930-ական թվականներին․ (1943 թվականից ամենամյա)։ 1952 թվականին Սուսերամարտի Համամիութենական սեկցիան ընդգրկվել է Սուսերամարտի Միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԵ-ի (հիմնադրվել է 1913 թվականին, Փարիզում) կազմում։ Սովետական մարզիկները բազմիցս հաղթել են օլիմպիական խաղերում և աշխարհի առաջնություններում, նվաճել «Ազգերի մեծ մրցանակը»։ Հայաստանում Սուսերամարտ տարածում է գտել 1922 թվականից:
Սուսերամարտի մրցարշար Ռուսաստանում 2009 թ.
Առաջին խմբակները կազմակերպվել են Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան ռազմական դպրոցում և Լենինականում։ Հանրապետական առաջնություններ անցկացվում են 1945 թվականից։ Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստուտն ունի Սուսերամարտի ամբիոն (1979-ից)։ Հայաստանի մարզիկներից Վլադիմիր Չերնիկովը (խոցասուսեր) դարձել է XVII Օլիմպիական խաղերի 3-րդ, աշխարհի և ԽՍՀՄ առաջնությունների 2-րդ և 3-րդ մրցանակակիր, հաղթել ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում (1958)։ Ա․ Կարագյանը (խոցասուսեր) Մոսկովյան օլիմպիադայի արծաթե (ճկասուսեր, թիմային) և բրոնզե (թիմային) մեդալակիր է, հաղթել է աշխարհի (թիմային) առաջնություններում (1979, 1981), Եվրոպայի գավաթի խաղարկությունում (1978, թիմային), իտալական «Մպրիտֆիկո» միջազգային խոշորագույն մրցաշարերում (1974, 1977), բազմիցս նվաճել ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը։