Բալլադը քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։
Շունն ու Կատուն Փարվանա Չարի վերջը Ախթամար
2. Ի՞նչ է Փարվանան: Որտե՞ղ է այն գտնվում: Քո բլոգում տեղադրի՛ր փոքրիկ տեղեկություն դրա մասին:
Փարվանան լիճ Հայկական լեռնաշխարհի պատմական Ջավախք գավառում։ Գտնվում է Վրաստանի Նինոծմինդայի շրջանում ՝ Ջավախքի և Աբուլ Սամսարի լեռնաշղթաների միջև, 2074 մ բարձրության վրա։ Վրաստանի ամենամեծ լիճն է։
Այն ունի առավելապես ստորգետնյա սնում։ Առավելագույն մակարդակ ունենում է հոկտեմբեր—նոյեմբեր ամիսներին, նվազագույնը՝ մայիս-հունիս ամիսներին։ Տատանման չափը մոտ 0,7 մետր է։ Լճի մակերեսը 37,5 կմ², միջին խորությունը՝ 2,4 մ, առավելագույնը՝ 3,3 մ։ Սառցակալվում է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից մինչև ապրիլ ամիս, սառցածածկույթի հաստությունը կարող է հասնել մինչև 73 սմ: Ջուրը քաղցրահամ է, ջինջ, շրջապատված բազմերանգ ծաղիկներով զարդարված մերձալպյան մարգագետիններով։ Լճից սկիզբ է առնում Կուրի աջակողմյան վտակ Փարվանա (Թափարվան) ջրառատ գետը, որը Խերթվիս գյուղի մոտ միախառնվում է Քուռին։
Փարվանա լճին է նվիրված Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադը։
3. Ի՞նչ հերոսների ես հանդիպում բալլադում:
Բալլադի հերոսներն են թագավորը, թագավորի դուստրը և կտրիճները:
4. Բալլադից դո՛ւրս հանիր այն տողերը, որոնք բնութագրում են Փարվանա ծեր արքային:
Ասում են՝ էնտեղ արծըվի նըման, Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում, Նըստում էր էն սեգ սարերի արքան Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:
5. Բալլադից դո՛ւրս հանիր այն տողերը, որոնք բնութագրում են Փարվանա դստերը:
Փարվանա արքան մի աղջիկ ուներ.
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել` Իր որսն անելիս Մըթին սարերում:
6. Մեկնաբանի՛ր հետևյալ տողերը. — Գուցե, հայրի՛կ, տըկար լավին Հաղթի մի վես տըմարդի, Բայց չի կարող լինել երբեք Նա սիրելին իմ սըրտի…
Նա ուզում է ասել, որ սերը ուժով չեն չափում:
7. Բալլադում ինչի՞ խորհրդանիշն է անշեջ հուրը:
Անշեջ հուրը սիրո խորհրդանիշն է:
8. Ըստ քեզ՝ թիթեռներն ինչո՞ւ չեն կարողանում մինչ օրս գտնել անշեջ հուրը:
Ներկայացնում եմ մեր մոլորակի վրա գտնվող ամենաամենաներին:
Աշխարհի ամենացածրահասակ մարդը՝Հի Պինգպինգը: Հի Պինգպինգը ծնվել է Մոնղոլիայում 1988 թվականի հուլիսին:Նրա հասակը 74,6 սմ է: նրա կարճահասկաությանը պատճառը մանուկ հասակում գլուխ բարձրացրած անբուժելի հիվանդությունն է: Աշխարհի ամենափոքրիկ մարդու կարգավիճակը Պինգպինգին հնարավորություն ընձեռեց համաշխարհային ճանաչում ձեռք բերել և ճանապարհորդել աշխարհով մեկ, ներկայացնելով թե՛ իրեն և թե՛ իր երկիրը: Գինեսի գրքի խմբագիր Քրեյգ Գլենդեյը հարգանքով նշում է« որ լինելով փոքրիկ մարդ, նա աշխարհի վրա մեծ ազդեցություն է ունեցել:
Ամենաբարձրահասակ տղամարդը՝Սուլթան Կոսենը Ազգությամբ թուրք տղամարդը ճանաչվել է աշխարհի ամենաբարձրահասակը։ Նա 30 տարեկան է, իսկ հասակը 2 մետր, 51սմ է։Նրա հասակը աննորմալ կերոպով սկսել է աճել դեռևս 10 տարեկանից՝հիպոֆֆիզի վրա առկա ուռուցքի հետևանքով: Մի քանի անգամ վիրահատվելուց հետո, կարծես թե հնարավոր եղավ իր հասակի աճը կանգնեցնել:
Աշխարհի ամենամեծ ծաղիկը՝տիտան Արում:
Աշխարհի ամենամեծ ծաղիկը՝ Տիտան Արումը (հսկայական Ամորֆոֆալուսը), ունի 2,27 մետր բարձրություն, դեղին վարսանդ և մուգ կարմիր թերթիկներ։ Ծաղկի պալարը կշռում է ավելի քան 13 կգ։ Բնական պայմաններում Ամորֆոֆալուսը ժամանակին աճել է միայն Սումատրա կղզում, սակայն փաստացի ոչնչացվել է տեղի բնակիչների կողմից, ովքեր ծաղիկն անվանել են «դիակային», «օձային արմավենի» եւ «վուդուների շուշան», իր տարօրինակ տեսքի, նաեւ` նողկալի հոտի համար: Ամբողջ աշխարհում Տիտան Արումի ծաղկումը ջերմոցային պայմաններում, տեղի է ունեցել 134 անգամ։ Այս անգամ այն ծաղկել է Շվեյցարիայի Բազել քաղաքում: Այս բույսի ծաղկումն առհասարակ բացառիկ իրադարձություն է, որը տեղի է ունենում 20-40 տարին մեկ` 2 օրվա ընթացքում։
Աշխարհի ամենամեծ քարանձավը
Քարանձավը հայտնաբերվել է 1991թ.՝ տեղաբնակներից մեկի կողմից։ Այն ամբողջությամբ տեսնելու ու ուսումնասիրելու համար հարկավոր է մի քանի օր։Շոնդոնգն ունի 9 կմ երկարություն, 200 մ բարձրություն և 150 մ լայնություն։ Թեև տեղացիները դրա գոյության մասին իմացել են 1991թ. ի վեր, սակայն աշխարհին այն հայտնի է դարձել միայն 2009թ., երբ բրիտանացի գիտնականները որոշել են ուսումնասիրել տեղանքը։Տեղացիները պատմել են, որ մշտապես վախեցել են քարանձավից՝ դրանից եկող տարօրինակ ձայների պատճառով։ Այդ ձայները գալիս են քարանձավի ներսում հոսող գետից։Այստեղ կան նաև հսկայական պտկաքարեր, որոնք ունեն 70մ բարձրություն:Շրջապատող խիտ ջունգլիներն օգնել են, որպեսզի հարյուրամյակներ շարունակ քարանձավն աննկատ մնա մարդկանց համար։
Երբ պատերազմ սկսվեց, մի ոմն Լուիջի ասաց, թե ինքն ուզում է կամավոր գնալ պատերազմ: Բոլորը նրան շատ-շատ գովեցին: Լուիջին գնաց այնտեղ, ուր հրացաններ էին բաժանում: Դրանցից մեկը վերցնելով, ասաց. -Հիմա գնամ ու սպանեմ Ալբերտոյին: -Ալբերտոն ո՞վ է, -հարցրին նրան: -Թշնամի է,-պատասխանեց նա, -իմ թշնամին:
Նրան հասկացրին, թե նա պետք է սպանի որոշակի թշնամիների, և ոչ թե նրան, ում ինքն է ուզում: -Ի՞նչ է, -ասաց Լուիջին,-ինձ անգետի տեղ եք դրե՞լ: Այդ Ալբերտոն հենց որոշակի թշնամի է, այդ երկրից: Երբ իմացա, որ պատերազմում եք նրանց դեմ, մտածեցի՝ ե՛ս էլ եմ գալիս, այդպիսով կկարողանամ սպանել Ալբերտոյին: Դրա համար էլ եկել եմ: Ալբերտոյին ես ճանաչում եմ, տականքի մեկն է: Հին հաշիվներ են: Եթե չեք հավատում , մանրամասն կպատմեմ ամեն ինչ …
-Ուրեմն, -ասաց Լուիջին,-բացատրեք ինձ որտեղ է Ալբերտոն, որ գնամ ու նրան սպանեմ: Նրանք ասացին, թե չգիտեն: -Ոչինչ,-ասաց Լուիջին,-կգտնեմ: Վաղ թե ուշ, հո՛ կգտնեմ: Նրանք ասացին, թե այդպես չի կարելի, թե նա պետք է պատերազմի այնտեղ, որտեղ իրենք նրան կուղարկեն, և պետք է սպանի, ում պատահի.դա Ալբերտոն կլինի, թե մեկ ուրիշը, կարևոր չէ: -Տեսե՛ք,- իրենն էր պնդում Լուիջին,-պետք է, որ ես ձեզ պատմեմ: Որովհետև այդ Ալբերտոն ուղղակի սրիկա է, ու լավ եք անում, որ պատերազմում եք նրա դեմ: Բայց նրանք չուզեցին լսել: Լուիջիին չէր հաջողվում նրանց համոզել իր իրավացիությունը: -Ներեցեք, ձեր ասելով, եթե սպանեմ մի թշնամու կամ մեկ ուրիշի, նույն բա՞նն է: Իսկ ինձ դուր չի գալիս սպանել մի մարդու, ով գուցե Ալբերտոյի հետ ոչ մի կապ չունի: Նրանք համբերությունը կորցրին: Ինչ-որ մեկը նրան բացատրեց շատ պատճառներ և թե ինչպես են պատերազմները լինում, թե որևէ մեկը չի կարող գնալ պատերազմ միայն փնտրելու համար իր ուզած թշնամուն:Լուիջին թոթվեց ուսերը: -Եթե այդպես է,- ասաց,- դա ինձ ձեռք չի տալիս: -Լա՛վ էլ ձեռք տալիս է,-գոռացին նրանք,-առա՜ջ, մար՜շ, մե՛կ-երկու, մե՛կ-երկու: Ու նրան ուղարկեցին պատերազմի դաշտ:Լուիջին գոհ չէր: Սպանում էր թշնամիների հենց այնպես, տեսնելու, թե արդյո՞ք կհանդիպի նաև Ալբերտոյին, ում կարող էր սպանել, կամ նրա ազգականերից մեկին: Ամեն մի թշնամու համար, որ սպանում էր, մի մեդալ էին տալիս նրան, բայց ինքը գոհ չէր: «Եթե Ալբերտոյին չսպանեմ,- մտածում էր,- դուրս է գալիս, այսքան մարդու անտեղի սպանեցի»: Ու խղճի խայթ էր զգում: Մինչ այդ, նրան տալիս էին մեդալ մեդալի հետևից, որոնք ձուլված էին զանազան մետաղներից: Լուիջին մտածում էր. «Էսպես սպանելով, այսօր չէ, վաղը, թշնամիները կպակասեն ու էդ սրիկայի հերթն էլ կհասնի»: Սակայն, նախքան Լուիջին Ալբերտոյին կգտներ, թշնամիները հանձնվեցին: Խղճի խայթ էր զգում, որ զուր տեղն այդքան մարդ է սպանել, ու քանի որ խաղաղություն էր կնքվել, իր բոլոր մեդալները լցրեց մի տոպրակի մեջ և պտտվեց թշնամիների երկրում և դրանք նվիրեց մեռածների զավակներին ու կանանց: Այդպես շրջելով, մեկ էլ, հանկարծ, գտավ Ալբերտոյին: -Լավ,- ասաց,- լավ է ուշ, քան երբեք: Ու սպանեց նրան: Նրան ձերբակալեցին, դատեցին մարդասպանության մեղադրանքով ու կախեցին: Դատի ժամանակ նա անընդհատ կրկնում էր, որ այդ մարդուն սպանել է իր խղճի հանգստության համար, բայց նրան ոչ ոք չլսեց:
Մեղադրիր Լուիջիին կամ արդարացրու: Իմ կարցիքով նա ճիշտ արեց, նա դա անում էր իր խիղճը հանգստացնելու համար և նա հասավ իր ուզացին: Ինչ է խիղճը ըստ քեզ
Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներ, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ հայրը մահացավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց: Առաջադրանք: Ինչ է սովորեցնում առակը: Ըստ ինձ առակը սովորեցնում է երկու բան։Առաջինը , որ աշխատանքը գանձ է մարդկանց համար:Երկրորդը դա այն է , որ մարդիկ միշտ գնում են շահի ետևից։
Եզոպոսի «Եղջերունուխաղողը» առակը։
Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերջին նետով նշան բռնեց և վիրավորեց եղջերուին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:
Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օգնականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց: Առաջադրանք: Ի՞նչ հասկացար առակից: Ինչի՞ մասին է այն: Այս առակից ես հասկացա , որ մարդիկ միշտ շնորհակալ չեն իրենց օգնողից և դրա պատճառով նրանք ընկնում են վատ իրավիճակի մեջ։
Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծի պատմությունը»
Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում. – Ի՞նչդ է ցավում: – Որսորդն է վիրավորել, – պատասխանում է առյուծը: Կրիան բարկանում է և ասում. – Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին: – Կրիա եղբայր, – պատասխանում է առյուծը, – պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր: Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին: – Ընկերս, – ասում է լուն, – երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:
Կարդա՛ հեքիաթը:
Կար-չկար, մի շատախոս կոշիկ կար։ Աջ ու ձախ նա անընդհատ պատմում էր այն ճանապարհների մասին, որտեղով անցնում էր։ Բայց շատախոս լինելուց բացի, նա նաև մի քիչ գլուխգովան էր։ Միայն գեղեցիկ ճանապարհների մասին էր պատմում։ Մի օր էլ քարերը որոշեցին պատժել նրան, քանի որ իրենց մասին նա չէր պատմում երբեք։ Քարքարոտ մի ճանապարհի վրա կոշիկի թաթը սոսնձից պոկվեց։ Բավական չէր, որ շատախոսությունից բերանը հազիվ էր հասցնում փակել, հիմա արդեն դա էլ չէր կարողանում։ Հենց լռում էր, բաց բերանը փոշի ու կեղտ էր լցվում։ Կոշիկը հասկացավ, որ պետք է բերանը փակ պահի ու չխոսի, որ մաքուր մնա։ Նա դադարեց խոսել։ Հիմա միայն անհրաժեշտության դեպքում էր ինչ-որ բան ասում։ Մի քանի օր շատախոս կոշիկը պարապ մնաց, ոչ մի ճանապարհ չգնաց, մինչև նրա տերը որոշեց նրան տանել «բժշկի»՝ կոշկակարի մոտ։Կոշկակարը խնամքով մաքրեց կոշիկը, սոսնձեց այն ու գերազանց վիճակում վերադարձրեց տիրոջը։ Կոշկի տերը ուրախ-ուրախ հագավ իր փայլփլուն կոշիկները և ճանապարհ ընկավ։
Այս անգամ արդեն ամբողջ ճանապարհին կոշիկը միայն քթի տակ ճռճռում էր։ Ու արդեն, երբ տուն հասան, կոշիկը սկսեց պատմել ոչ միայն սիրուն ու մաքուր ճանապարհների, այլ նաև քարքարոտ ու փոշոտ ճամփաների մասին։
Վատ ընկերը
Երկու ընկեր գնացին անտառ որս անելու, հանկարծ նրանց առաջ մի արջ դուրս եկավ: Ընկերներից մեկը ծառը բարձրացավ, իսկ մյուսը պառկեց գետնին, շունչն իրեն քաշեց, որ արջը կարծի, թե նա մեռած է: Արջը մոտեցավ նրան, հոտոտեց և մեռած կարծելով՝ թողեց, գնաց: Այդ ժամանակ ընկերը ծառից իջավ ու ծիծաղելով հարցրեց. -Արջը քո ականջին ի՞նչ ասաց. -Արջն իմ ականջին ասաց, որ մյուս անգամ քեզ նման ընկերոջ հետ որսի չգնամ, որ վտանգ պատահելիս մենակ չթողնի ու փախչի:
Առաջադրանք: Ի՞նչ է առակը: Առակը դա սովորեցոնղ մի փոքր հեքիաթ է , որի հերոսները մարդկաց փոխարեն կենդանիներն են։ Ուրիշ ի՞նչ առակներ գիտես: Աղվեսն ու խաղողը Աղվեսը ու հովազը Ձկնորսը և ձուկը
Բարձը՜ր, բարձը՜ր անմատչելի ժայռերում արծիվը հյուսել էր իր բունը։ Այնտեղ, ժայռի բարձունքին, մի պատռվածքում, մի ծերպում ծեփված կպած էր նա և սառը հողմից, հյուսիսի սառցեղեն շնչից նրան պաշտպանում էր ժայռը իր քարեղեն կրծքով։ Նա շինված էր ուռենու ոստերից ու փաթաթված-պատած ամուր ձիու մազով։ Մայր արծիվը խնամքով օթևան էր շինում իր սերնդի համար։ Եվ ջանում էր շինել հաստատուն, հարմար ու տաք։
Եվ նրա երեք փոքրիկ ճուտերը միանգամայն գոհ էին։ Նրանց համար դրանից լավ բուն աշխարհքումն էլ չկար։ Դեռ նոր ձվից դուրս եկած՝ իրարու սեղմ կպած նստած էին նրանք։ Հենց արևը ծագեց թե չէ՝ նրանք իրենց գլխիկները բնիցը դուրս հանեցին ու զարմացած նայեցին աստուծո աշխարհքին, և աշխարհքը նրանց թվաց հրաշալի։ Ներքևում հեռո՜ւ, հեռո՜ւ տարածվում էր անսահման տափակ հարթավայրը։ Միակե՜րպ, միակերպ․ միայն արմինայի փոքրիկ թփերն էին բծավորում նրա երեսը։ Երբեմն դաշտային ճագարներն ու շներն էին այստեղ-այնտեղ երևում ու թաքնվում սեզերում։ Եվ չէին հասկանում արծվի ճուտերը, թե ինչու էին իրենց սրտերը հուզվում ու թրթռում էն փոքրիկ վազող գազաններին տեսնելիս։ Հեռու հարավում հորիզոնի վրա երևում էր մի նեղ շերտ՝ մին բաց մոխրագույն, մին կապտավուն։ Սկզբում ձագուկները չէին իմանում, թե էն ինչ բան էր․ բայց երբ աչքները զորացավ ու կտրեց, տեսան, որ գետ էր։ Հենց այն գետիցն էր մայրը նրանց համար համեղ ձուկը բերում։ Ուշի ուշով դիտում էին արծվիկներն ամեն բան իրենց շուրջը, ծանոթանում էին իրենց շրջապատող աշխարհքի հետ։ Երբ որ հոգնում էին բնությունը դիտելուց, թռած գալիս էր մայրը իրիկվան ընթրիքով։ Կուշտ–կուշտ ուտելուց հետո քաղցր քնում էին նրա թևերի տակ։ էսպես անցավ ժամանակն, ու մեծացան փոքրիկ արծվիկները։ Նրանցից մինը դուրս եկավ ամենից մեծն ու ամենից ուժեղը։ Նա խելոք էլ էր մյուսներից, շատ էր մտածում չորս կողմի ամեն բանի վրա ու միշտ հարցնում էր մորը, թե ինչ տեսակ տեղեր են, որ նա գնում է։ Մայր արծիվը պարծենում էր իր զավակով, հավատում էր, որ նա ժամանակին դառնալու էր ամենամեծն արծիվներից։ Ու տվեց նրան մեծ ռազմիկ արծվի անունը՝ Թառլան, և պատմում էր ամեն բան, ինչ որ տեսել կամ լսել էր իր կյանքում։ Մի անգամ էլ, երբ Թառլանը սովորել էր մագլցել ժայռերով, հասավ իր մորը, որ թևերը ծալած նստած էր բարձր, սրածայր ժայռի կատարին։ Մայրը չնկատեց նրա մոտենալը, անթարթ նայում էր հեռու։ — Մայրիկ,— ասավ Թառլանը,— պատմիր ինձ հայրիկի մասին։ Մայրիկը տխուր էր ու լուռ։ — Մայրի՛կ, պատմիր ինձ հայրիկի մասին,— կրկնեց Թառլանը։ — Լավ, իմ քաջ Թառլան,— խոսեց մայրը,— կպատմեմ քո հոր մասին։ Էնտեղ, ներքև մի արարած է ապրում, որ մարդ են ասում։ Չար ու կատաղի արարած է նա։ Ոչ մի շունչ կենդանի չի ազատվում նրա խստությունից։ Ումևէ կյանքից զրկելը նրանց մեջ համարվում է քաջագործություն։ Սպանելու համար նրանք մի զարմանալի գործիք ունին, որ զարկում է շատ հեռվից։ Մի անգամ ձեր հայրը որսից տուն էր վերադառնում։ Ես տեսա, թե ինչպես նա սկզբում դեռ թռչում էր բարձր ամպերի տակ, հետո, թռիչքը մեղմելով, սկսեց ներքև իջնել։ Մին էլ հանկարծ ներքև, երկրի երեսին բարձրացավ մի փոքրիկ ամպի նման սիպտակ ծուխ, ետևից մի տարօրինակ կարճ ճայթյուն, ու հայրդ թևերը թափահարելով սկսեց ընկնել, ընկնել ցած ու ցած։ Քարի կտորի նման գետին ընկավ իմ հպարտ, արքայական ամուսինը ու․․․ էն ընկնելն էր, որ ընկավ։ Էստեղ լռեց մայր արծիվը, ու երկար իրար կողքի նստած էին մեր ու որդի։ Թառլանը չէր խոսում, բայց աչքերը վառվում էին, սիրտն էր ընկել մարդու ահն ու ատելությունը։ Ազատ, վայրենի հավքը առել էր իր մահացու թշնամու հոտը։ — Թառլան, դու շատ ես նման քո հորը,— նորից խոսեց մայրը,— իսկ հայրդ ամենահզորն էր արծիվների մեջ։ Դու կլինես հզոր ու գեղեցիկ նրա պես, բայց լսիր, զավակս, չմոտենաս, երբեք չմոտենաս մարդկային բնակարանի, որովհետև մարդ ասված հրեշի չարությանն ու խորամանկությանը չափ ու սահման չկա։ Միտդ պահիր, ինչ որ ասում եմ քեզ։ — Միտս կպահեմ, մայրիկ։ Մի քանի ժամանակից Թառլանը սկսեց թռչել սովորել։ Օր օրի վրա ուժեղանում էր ու մեծանում։ Թևերն աճում էին ու ամրանում։ Մայրը նրա հետ փոքրիկ զբոսանքներ էր անում։ Հետզհետե երկարում էին այդ զբոսանքները։ Մի օր էլ, երբ մայրը թռավ դեպի գետը, նա էլ թռավ մոր հետ։ Էստեղ մայրը նրան սովորեցրեց ձուկ բռնելը։ Ու․․․ ձուկ բռնելում էն տեսակ ճարպիկություն ցույց տվավ ու էնպես տարվեց, որ էլ չէր ուզում տուն վերադառնա։ Դրանից հետո ամբողջ գիշերը երազում էր նա, թե ինչ մեծամեծ գործեր պիտի կատարի, երր մեծանա, դառնա հզոր, հասուն արծիվ ու թողնի մայրական բունը։ Ամբողջ գիշերը երազում էր արձակ գետը, ու առափնյա ալիքների ճղփյունը օրորում էր նրան։ Ու ամբողջ գիշեր Թառլանը չկարաց քնի։ Սրանից հետո շատ ժամանակ չանցած՝ Թառլանը թողեց մայրական բունը։ Թափահարեց իր ուժեղ թևերն ու սլացավ դեպի հարավ-արևմուտք, հեռո՜ւ, հեռո՜ւ։ Անցավ անջուր անապատների ահռելի տարածությունների վերևից, թավուտ, կուսական անտառների գլխներից, ճախրեց ձյունապատ սարերի վայրի գագաթներից, իջավ գեղազարդ հովիտներ։ Հովիտներում տեղ-տեղ նա նկատում էր տարօրինակ առարկաներ, որ սկզբում խոշոր քարերի տեղ էր դնում, բայց շուտով հասկացավ, որ խրճիթներ էին՝ մարդու բնակարանը։ Նա թռչում էր բարձր՝ նրանց վերևից և միայն զարմանում էր, թե ինչու են ներքև մարդիկ խմբվում ու ձեռքերով ցույց տալիս վերև՝ դեպի երկինքը։ Նրա մտքովը չէր էլ անցնում, թե ինքը դարձել էր մեծ ու հզոր արծիվ, և թե իրեն վրա էին հիանում մարդիկ։ Ճանապարհը շարունակելով դեպի արևմուտք՝ հասավ մի գետի, որի նմանը չէր տեսել իր օրում։ Էնքան լայն գետ էր, որ ասես թե մյուս ափը չկար։ Ալիքները գոռալով դիպչում էին ափի ժայռին ու փշրվում՝ չորս կողմը զարկելով աղի ջրի փրփրուն ցայտերը։ Սակայն շուտով իմացավ Թառլանը, որ էն ծովն էր։ Նա մնաց էնտեղ, կապվեց ծովի հետ, սիրեց նրա անսահման ընդարձակությունը ու իրեն ապաստարան ընտրեց ծովափնյա ժայռը։ Պատահում էր, որ էստեղ էին գալիս և ուրիշ արծիվներ ու հետը կռվի էին բռնվում որսի համար։ Նա միշտ հաղթող էր դուրս գալիս, ամենիցն էլ ուժեղ ու սրաթռիչ։ Մի անգամ էլ, երբ Թառլանը ձուկ էր բռնում, մի տարօրինակ անծանոթ զգացմունք տիրեց նրան։ Օրեցօր զորացավ էն զգացմունքը, հետզհետե տխրեց․․․ ու գլխի ընկավ, որ հայրենիքի կարոտն էր տանջում, քաշում իրեն։ Անուշ ու քնքուշ կանչում էր նրան ծովի ձենը, բայց ավելի ուժեղ էր անապատի խոր կանչը։ Ավելի ու ավելի համառ օր ու գիշեր նրա ականջում հնչում էր էն կոչը։ Վերջապես Թառլանն էլ չդիմացավ ու թռավ դեպի հյուսիս-արևելք։ Շատ օրեր տևեց նրա թռիչքը, և ահա հյուսիսում երևացին հայրենի ժայռերը, ուր մի ժամանակ անց էր կացրել իր ջահելությունը։ Ներքև՝ դաշտում, նրա բացակայությանը, մարդիկ շինել էին իրենց բնակարանները։ Եվ մոր խրատը հիշելով՝ նա թռավ նրանց վերևից։ Հուզմունքով մոտեցավ էն տեղին, ուր առաջին անգամ աչքը բաց էր արել ու լուս աշխարհքը տեսել։ Բայց հին բունը չկար։ Նրա տեղը գտավ նորը՝ մեջը երեք ձու։ Մենակի տխուր զգացմունքով հեռացավ Թառլանը հարազատ վայրերից՝ միտը բերելով իր մորն ու եղբայրներին։ Էլ չվերադարձավ դեպի ծովը, շարունակ թափառում էր մի տեղից մի տեղ։ Մի անգամ էլ էնպես պատահեց, որ Թառլանը անտառի բերանով թռչելիս մի փոքրիկ փոսի մեջ տեսավ մի կենդանի ճագար։ Գետնին զարկած ցցին կապված՝ նա աշխատում էր, որ ազատվի։ Շեշտակի սլացավ արծիվը որսի վրա։ Բայց ազատության մեջ մեծացած վայրենի հավքը չէր իմանում մարդու բոլոր խորամանկ հնարքները, բոլոր նենգամտությունը։ Չէր նկատել բարակ ցանցը, որ պատում էր ճագարին։ Հենց ուզեց նրան ճանկի՝ զգաց, որ ցանցը փաթաթվեց իր թևերին։ Ազատ արծիվը գերի բռնվեց։ Զուր էին ազատվելու բոլոր ջանքերը։ Ամեն մի շարժման հետ պինդ թոկը ամուր ու ամուր պատում էր նրան։ Էս ժամանակ մոտիկ քարի ետևից դուրս նայեց թուխ հնդիկ տղան։ Նրա աչքերը փայլում էին ուրախությունից։ Թառլանը տխուր ծղրտաց, ուզեց թևերը թափահարի՝ չկարողացավ․․․ Օրհասական տագնապի մեջ կայծակի արագությամբ նրա միտն եկան ու անցան մայրենի ժայռերն ու մոր պատմությունը. — Քո հայրը, Թառլան, մի հզոր արծիվ էր․․․ Զգուշացիր մարդ ասված հրեշից, երբեք չմոտենաս նրանց բնակարանին․․․ Միտդ պահիր, Թառլան, ինչ որ ասում եմ քեզ․․․
Հարցեր և առաջադրանքներ: 1. Անհասկանալի բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր: ծերպ-ճեղք 2 . Բարձը՜ր, բարձը՜ր անմատչելի ժայռերում արծիվը հյուսել էր իր բունը։ Այնտեղ, ժայռի բարձունքին, մի պատռվածքում, մի ծերպում ծեփված կպած էր նա և սառը հողմից, հյուսիսի սառցեղենշնչից նրան պաշտպանում էր ժայռը իր քարեղենկրծքով։ Նա շինված էր ուռենու ոստերից ու փաթաթված-պատած ամուր ձիու մազով։ Մայր արծիվը խնամքով օթևան էր շինում իր սերնդի համար։ Եվ ջանում էր շինել հաստատուն, հարմար ու տաք։ Հատվածում ընդգծիր ածանցավոր բառերը: 3.Համաձա՞յն ես այս մտքին` Դու կլինես հզոր ու գեղեցիկ նրա պես, բայց լսիր, զավակս, չմոտենաս, երբեք չմոտենաս մարդկային բնակարանի, որովհետև մարդ ասված հրեշի չարությանն ու խորամանկությանը չափ ու սահման չկա: Հիմնավորիր պատասխանդ:
Մասամբ այո մասամբ ոչ։Այո մարդ գազանի նման է մենակ մտածում է իր մասին ,շահի, հարստության մասին։Բայց դա կյանքի ձևն է ամենաթուլյլին հաղթում է թույլը , որը այս դեպքում արծիվը ձկների հախից էր գալի, իսկ թույլից ուժեղը , ըստ պատմությամբ արծվին մարդ։Չկա այս աշխարհում , որ բարին միշտ հաղթում է։Այս աշխարհում հաղթում է խորամանկը ու ուժեղը։
«Մի՛ վախեցիր կորցնելուց. ոչ մի լավ բան երբեք չի կորչում» Նոբելյան մրցանակակիր Ջոն Սթեյնբեքը միգուցե ավելի շատ հայտնի է որպես «Էդեմից Արևելք», «Ցասման ողկույզները» և «Մկների ու մարդկանց մասին» վեպերի հեղինակ, բայց նա աչքի է ընկել նաև իր հարուստ նամակագրությամբ:«Սթեյնբեք. կյանքը նամակներում» գրքի մեջ ներկայացված է հեղինակավոր գրողի ոչ սովորական կենսագրությունը: Այստեղ գրողի մտախոհ, սրամիտ, անկեղծ, խոցելի և մերկացնող 850 նամակներն ուղղված են ընտանիքին, ընկերներին, իր խմբագրին և ինչ-որ չափով հայտնի և ազդեցիկ հասարակական գործիչներին: Նամակագրությունների մեջ առանձնանում է 1985 թվականին ավագ որդուն՝ Թոմին, գրված հետևյալ գեղեցիկ պատասխան նամակը, որտեղ պատանին խոստովանում է, որ գիշերօթիկ դպրոց հաճախելու տարիներին անհույս սիրահարվել է Սյուզան անունով մի աղջկա: Սթեյնբեքի զգայուն, լավատեսական, հավիտենական, անսահման խորաթափանց և իմաստուն խոսքերը դրոշմվում են յուրաքանչյուր մարդու սրտում և մտքում:Նյու Յորք 3 Նոյեմբերի 10, 1958 թվական Թանկագին Թոմ Այսօր առավոտյան ստացանք նամակդ: Ահա և իմ պատասխան նամակը: Նախ և առաջ սիրահարվելը շատ լավ բան է, դա լավագույն բանն է, որ կարող է պատահել մարդու հետ: Թույլ չտաս որևէ մեկին այն աննշան ու անարժեք դարձնել: Կան սիրո մի քանի տեսակներ. դրանցից մեկը եսասիրական, անազնիվ, ժլատ, ինքնասիրահարված մի զգացմունք է, որն օգտագործում է սերը մեծամտանալու համար: Դա սիրո տգեղ և խեղաթյուրված տեսակն է: Մյուս տեսակն օգնում է ներսումդ եղած ամենալավ բաները դուրս հանել՝ և՛ բարությունը, և՛ ուշադրությունը, և՛ հարգանքը: Դա ոչ միայն հասարակության հանդեպ հարգանքն է, որը դրսևորվում է պահվածքի ու վարվելակերպի միջոցով, այլև կա ավելի մեծ հարգանք, որը մեկ այլ անձի՝ որպես եզակի և արժեքավոր մեկի ընդունումն է: Առաջին տեսակը հիվանդ, փոքր և թույլ կդարձնի քեզ, իսկ երկրորդը կարող է ուժ, քաջություն և բարություն հաղորդել ու նույնիսկ իմաստնություն, որի մասին նույնիսկ չես իմացել: Դու ասում ես, որ քո սերը դատարկ չէ: Եթե զգացմունքը խորն է, վստահաբար այն դատարկ չէ: Ես չեմ կարծում, որ դու ինձ գրել ես հարցնելու համար, թե ինչ ես զգում, երբ սիրում ես: Դու ավելի լավ գիտես, քան որևէ մեկը: Բայց ես կփորձեմ իմ խորհուրդներով օգնել քեզ և ահա թե ինչ կասեմ: Վայելիր սերը և ուրախ ու շնորհակալ եղիր դրա համար: Սիրո նպատակը ամենալավ ու ամենագեղեցիկ բանն է: Փորձիր ապրել դրանով: Եթե սիրում ես մեկին, կարող ես ասել նրան այդ մասին. միայն պետք է հիշես, որ որոշ մարդիկ շատ ամաչկոտ են, և երբեմն պետք է այդ ամաչկոտությունը հաշվի առնել: Աղջիկները զգում ու հասկանում են, թե դու ինչ ես զգում, բայց նրանք սովորաբար սիրում են նաև լսել այդ մասին: Երբեմն պատահում է, որ զգացմունքդ այս կամ այն պատճառով փոխադարձ չի լինում, բայց այն քո զգացմունքը պակաս արժեքավոր կամ պակաս լավը չի դարձնում: Ես գիտեմ, թե ինչ ես դու զգում, քանի որ ես նույնպես սիրում եմ և ուրախ եմ, որ դու ևս սիրում ես: Մենք ուրախ կլինենք հանդիպել Սյուզանին :Էլենը(Ջոն Սթեյնբեքի կինը — Ա.Հ.) մեծ ուրախությամբ կկազմակերպի այդ հանդիպումը: Նա նույնպես շատ բան գիտի սիրո մասին և գուցե իր խորհուրդներով ավելի շատ օգնի քեզ, քան ես: Մի վախեցիր կորցնելուց: Եթե այն ճիշտ է, ապա կիրականանա: Գլխավորը չշտապելն է: Ոչ մի լավ բան երբեք չի կորչում:Սիրով՝ՀայրիկԱռաջադրանք: Կարդալ նամակը, հասկանալ, վերլուծել:Համաձայն եք «Մի՛ վախեցիր կորցնելուց. ոչ մի լավ բան երբեք չի կորչում» մտքի հետ, եթե այո, ինչու, եթե ոչ, ինչու:
Շուտով Ծննդյան տոներն են, և ես նորից չգիտեմ` ինչ նվիրել քեզ: Ես գիտեմ, որ դու սիրում ես գրքեր, խաղեր ու շորեր: Բայց ես ուզում եմ քեզ նվիրել մի բան, որը քեզ հետ կլինի ընդմիշտ: Այնպիսի մի բան, որը քեզ ամեն Ծննդյան տոներին կհիշեցնի իմ մասին: Եվ ես, կարծես, գիտեմ, թե ինչ կարող եմ քեզ տալ: Մի պարզ ճշմարտություն, որի մասին ես միանգամից չեմ իմացել: Եթե դա դու հիմա հասկանաս, այն քո կյանքն ավելի լավը կդարձնի: Դու ավելի պաշտպանված կլինես խնդիրներից: Ես քեզ նվիրում եմ մի պարզ ճշմարտություն:
Ոչ ոք պարտավոր չէ ինչ — որ բան անել քեզ համար:
Ինչ է դա նշանակո՞ւմ: Ինչպե՞ս կարող է այդ պարզ ճշմարտությունն այդքան կարևոր լինել: Հնարավոր է, հիմա այս ամենը քեզ կարևոր չի թվում, բայց այս սկզբունքը կփրկի քո կյանքը: Ոչ ոք չի ապրում քեզ համար, իմ սիրելի բալիկ, որովհետև, դու դու ես, և ուրիշ ոչ ոք: Ամեն մեկն ապրում է իր համար, իր երջանկության համար: Եվ ինչքան շուտ դա հասկանաս, այնքան արագ կազատվես սպասումից, որ ինչ-որ մեկը քեզ կարող է երջանիկ դարձնել: Դա նշանակում է, որ ոչ ոք պարտավոր չէ քեզ սիրել:
Եթե ինչ —որ մեկը քեզ սիրում է, ուրեմն` դու յուրահատուկ ես, դու նրան դարձնում ես երջանիկ:
Փորձիր հասկանալ, թե այդ ո՞ր յուրահատկության համար են քեզ սիրում և ջանքեր գործադրիր, որ սիրեն ավելի շատ: Եվ եթե մարդիկ քեզ համար ինչ-որ բան են անում` միայն այն պատճառով, որ ուզում են: Ուրեմն, դու ինչ-որ մի պատճառով թանկ ես նրանց համար: Բայց ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկը պարտավոր է քեզ ինչ-որ բան: Դա նշանակում է, որ ոչ ոք պարտավոր չէ հարգել քեզ: Որոշ մարդիկ բարի էլ չեն լինի: Բայց հենց դու հասկանաս, որ մարդիկ պարտավոր չեն լինել բարի, կսովորես խուսափել մարդկանցից, որոնք քեզ ցավ են պատճառում: Այո, դու էլ քո հերթին ոչ ոքի համար ոչինչ անել պարտավոր չես: Եվ նորից. Ոչ ոք պարտավոր չէ ինչ-որ բան անել քեզ համար:
Դու ավելի լավը պետք է դառնաս միայն քեզ համար:
Այդ դեպքում ուրիշներն էլ կձգվեն դեպի քեզ, կցանկանան աջակցել քեզ, կիսվել քեզ հետ: Եթե ինչ-որ մեկը չի ցանկանա քեզ հետ լինել, խնդիրը դու չես լինի: Եթե դա տեղի ունենա, ուրեմն փնտրիր ուրիշ հարաբերություններ, որոնք դու ես ուզում: Թող ուրիշի խնդիրը քո խնդիրը չդառնա: Երբ դու հասկանաս, որ շրջապատի սիրուն ու հարգանքին պետք է արժանանալ, երբեք անհնարինը չես սպասի ու չես հիասթափվի: Ուրիշները չպետք է կիսվեն քեզ հետ իրենց զգացմունքներով, մտքերով: Բայց եթե դա անում են, ուրեմն դու արժանի ես դրան: Դու կարող ես հպարտանալ քո ունեցած սիրով, ընկերների հարգանքով, բայց մի մտածիր, որ այդպես էլ պետք է լինի, այդպես կարող ես շատ հեշտ կորցնել ձեռք բերածդ: Նրանք քեզ օրենքով չեն պատկանում, այդ ամենին պետք է արժանանալ:
Իմ ուսերից կարծես քար ընկավ, երբ հասկացա, որ ոչ ոք պարտավոր չէ ինձ համար ինչ-որ բան անել: Մինչև այն պահը, երբ չգիտեի դա, ես չափազանց շատ ջանքեր էի գործադրում, երբ չէի հասնում իմ ուզածին:
Ոչ ոք պարտավոր չէ ինձ հենց այնպես հարգել, ընկերություն անել ինձ հետ, սիրել, ապահովել իմ զարգացումը:
Արդյունքում, իմ հարաբերությունները միայն շահեցին, ես սովորեցի լինել մարդկանց հետ, որոնց հետ ուզում եմ լինել, և անել այն ամենը, ինչ ուզում եմ: Այդ ընկալումն ինձ տվեց ընկերներ, գործընկերներ, սիրելիներ, պոտենցիալ հաճախորդներ: Այն ինձ միշտ հիշեցնում է, որ իմ ուզածը ստանալ կարող եմ, եթե հաջողվի ուրիշ մարդու համար լսելի դառնալ: Ես պետք է հասկանամ, թե ինչ է նա զգում, ինչն է նրա համար կարևոր, ինչ է նա ուզում: Միայն այդ դեպքում ես կհասկանամ` ուզո՞ւմ եմ այդ մարդու հետ կապ ունենալ, թե՞ ոչ: Դժվար է երկու բառով բացատրել, թե ինչ եմ սովորել այս տարիների ընթացքում: Բայց գուցե ամեն Տոնին դու կարդաս այս նամակը ու ամեն անգամ ավելի ու ավելի շատ բան հասկանաս: Հուսով եմ, այդպես էլ կլինի, որովհետև պետք է, որքան հնարավոր է, շուտ հասկանալ. ոչ ոք պարտավոր չէ ինչ-որ բան անել քեզ համար:
Համոզի՞չ են հարցադրումները: Ոչ ոք պարտավոր չէ ինչ-որ բան անել քեզ համար:
Եթե ինչ-որ մեկը քեզ սիրում ու գնահատում է, ուրեմն դու արժանի ես:
Դու ավելի լավը պետք է դառնաս միայն քեզ համար:
Ոչ ոք պարտավոր չէ քեզ հենց այնպես հարգել, ընկերություն անել քեզ հետ, սիրել, ապահովել քո զարգացումը:
Վաղուց, շատ վաղուց, երբ դեռ թմբուկները պատերազմ չէին գուժել հնդիկներին, պրերիայի եզրին մի գեղեցիկ գյուղակ կար։ Այնտեղ տղամարդիկ վաղ առավոտյան որսի էին գնում և երեկոյան տուն վերադառնում հարուստ պաշարով․ կանայք ուտելիք էին պատրաստում, կար անում, իսկ երեխաները արևածագից մինչև արևմուտ խաղ էին անում։ Բոլորն էլ երջանիկ էին և համերաշխ։
Ցերեկները երկար ժամանակ Արևը փայլում էր և ժպտում կարմրամորթների դեմքերին, անձրև թափվում էր միայն այն ժամանակ, երբ պետք էր լինում թարմացնել ձորերի, գետերի, լճերի ջրերը և զովացնել ծառերն ու ծաղիկները: Բայց տեսեք, թե հետո ինչ պատահեց․ Աստղերը, որ փայլում էին ճամբարի վերևում, լսեցին հնդիկների մասին և որովհետև նրանց լույսը շատ էր աղոտ ու երկիր չէր հասնում, խնդրեցին իրենց առաջնորդին՝ Լուսնին, որ թույլ տա իրենց իջնել և գյուղ գնալ։
Գիշերային երկնքի առաջնորդին՝ Լուսինին, դուր չէր գալիս, որ իր մարդիկ՝ աստղերը, թափառում են ամբողջ գիշեր և վաղ առավոտյան անկողին մտնում, ինչպես Առավոտյան աստղը։ Երբ այդպիսի դեպք էր պատահում, նա ընդհարվում էր Արևի հետ։ Բայց այդ գիշեր նա արտակարգ լավ տրամադրության մեջ էր և չմերժեց նրանց խնդրանքը։ Աստղերն աշխույժ ծիծաղելով և շատախոսելով սկսեցին պատրաստվել ճամփորդելու և ուշք չդարձրին այն խելացի խորհուրդներին, որ Լուսինը տվեց իրենց։
― Դուք կարող եք գնալ ուր ուզում եք, բայց զգուշացեք, որ հանկարծ չիջնեք գետնին։ Եթե իջնեք գետին, դուք այնտեղ կմնաք և հաջորդ օրը Արևը ձեզ կայրի, կսպանի, որովհետև նրա ճառագայթները ճակատագրական են մեզ համար։
Աստղերը գնացին։ Նրանց բախտից այդ գիշեր Լուսինը կլոր էր, այլապես կկորցնեին ճանապարհը։ Վերջապես հասան հնդիկների ճամբարը և սկսեցին բոլոր կողմերից դիտել։ Հնդիկները քնած էին, միայն մի փոքր տղա, որ ապրում էր ճամբարի ծայրին, դեռ արթուն էր։ Տարօրինակ շշնջոցներ լսելով, նա լարեց ուշադրությունը և իր վրանի տանիքի լուսամուտից դուրս նայեց։ Մի պահ նրա սիրտը կանգ առավ տեսածից․ Ինչքա՜ն շատ աստղեր կան և ինչքա՜ն մոտիկ։ Նա իսկույն մագլցեց վեր, դեպի վրանի ծայրը և սյունը շարժեց, որ լավ տեսնի։ Սյունը դեմ առավ ինչ որ բանի և շրը՜մփ, վայր ընկավ։ Աստղը ցածրից էր անցնում, ուղիղ վրանի վրայից, այդ պատճառով ընկավ գետին և իսկույն դարձավ մի գեղեցիկ, ողբացող աղջիկ։
― Տես, թե ի՜նչ արիր,― հանդիմանեց նա տղային,― ես այլևս չեմ կարող իմ քույրերի հետ վերադառնալ և հենց որ լույսը բացվի, Արևի ճառագայթները կգտնեն ինձ, և ես կմեռնեմ։
Տղան ապշահար նայում էր նրան։ Այդ ընթացքում աստղերն արդեն հասկացել էին, թե ինչ է տեղի ունեցել և խուճապահար ետ էին թռչում, գիտակցելով, որ անկարող են օգնել իրենց տարաբախտ քրոջը։
Արցունքները առատորեն հոսում էին սիրուն աղջկա աչքերից։ Տղան խղճահարվեց։
― Ես քեզ կօգնեմ,― ասաց նա,― ցերեկը, երբ Արևը դուրս գա, ես քեզ կթաքցնեմ իմ վրանում և նա չի կարողանա քեզ գտնել։ Բայց հետո՞ ինչ կանենք։
― Եթե ես կարողանամ իմ գոյությունը պահպանել ցերեկը, երեկոյան կդառնամ ծաղիկ և կգնամ կապրեմ մի բարձր ժայռի կատարին, որտեղից կկարողանամ նայել ձեր ժողովրդին, որովհետև ինձ դուր է եկել ձեր կյանքը։
Նրանք վարվեցին այնպես, ինչպես որոշել էին։ Տղան ամբողջ օրը տանը մնաց և ջանք չխնայեց, որ ամենաթույլ և ամենահետաքրքրասեր ճառագայթն անգամ հանկարծ չթափանցի վրանի ներսը։ Հենց որ օրը վերջացավ, աղջիկն իսկույն թռավ ծխնելույզի օդանցքից և շտապեց տեղ գտնել բարձր ժայռի վրա, և նրա կատարին հաջորդ օրն անմիջապես մի գեղեցիկ սպիտակ վարդ բուսնեց։
Բոլոր հնդիկները հիանում էին, երբ տեսնում էին գեղեցիկ ծաղիկը, միայն տղային էր հայտնի, որ դա այն փոքրիկ աստղն է, որին նա պահեց իր վրանում և պահպանեց Արևի սպանիչ ճառագայթներից։
Շուտով աղջիկը ձանձրացավ մենակությունից: Թեև նա գյուղին նայում էր հեռվից և տեսնում ճամբարի կյանքը, բայց ոչ ոք չէր կարող մագլցել ժայռը և զրուցել նրա հետ։ Երբեմն-երբեմն նրան ընկերակցում էին այն թռչունները, որոնց բույնը այդ կողմերում էր։
Այսպես, նրա մոտ զրուցելու եկավ մի փոքրիկ ցախսարեկ։
― Ես այնպես մենակ եմ այստեղ,― գանգատվեց սպիտակ վարդը,― կարոտ եմ մարդկային ընկերակցության։ Եթե կարողանայի պրերիայում ապրել, շատ լավ կլիներ։
― Եթե այդ է ցանկությունդ, ես կարող եմ օգնել,― պատասխանեց փոքրիկ թռչնակը,― միայն մի փոքր թեքիր գլուխդ, որ քեզ կտուցովս վերցնեմ։
Վարդը հնազանդ թեքեց գլուխը. ցախսարեկը կտուցով վերցրեց նրան և դեպի պրերիա թռավ։
Պրերիայում կյանքն ավելի ուրախ էր։ Հնդիկները, ինչպես և զանազան կենդանիներ, այցելում էին սպիտակ վարդին։ Բայց մի օր հանկարծ առավոտյան վաղ սարսափելի ձայներ լսվեցին։
― Շտապե՜ք, շտապե՜ք,― գոռում էին այս ու այն կողմից,― պետք է թաքնվել, գոմեշի նախիրն է գալիս։
Բոլորը վազեցին և թաքնվեցին՝ ով որտեղ կարող էր։ Շուտով հորիզոնում փոշու հսկայական ամպ հայտնվեց, որը աստիճանաբար ավելի ու ավելի մոտեցավ։ Սպիտակ վարդը ահաբեկված գլուխը թաքցրեց տերևների մեջ, որոնք սարսափից լայնացել էին։ Նախիրն անցավ մրրիկի պես։ Հազարավոր սմբակներ այնպիսի աղմուկ էին բարձրացրել, որ կարծես ամպրոպ ճայթեց։
Երբ վերջապես ամեն ինչ խաղաղվեց, սպիտակ վարդը գաղտագողի դուրս նայեց տերևների արանքից։ Պրերիան բոլորովին ամայի էր դարձել, և կյանքի նշույլ անգամ չկար։
― Ես չեմ կարող այստեղ մնալ և այսքան փորձություններ տանել,― ասաց աստղն ինքն իրեն,― ավելի լավ է՝ տեղափոխվեմ լճի վրա և այնտեղ ապրեմ։
Նա պոկվեց գետնից և շատ չանցած ներքևում երևաց փայլող լճի մակերեսը։ Նա ցած իջավ և մակույկի նման հանդարտ սահեց լճի վրայով։
Հաջորդ օրը վաղ առավոտյան, երբ հնդիկները անցնում էին լճի մոտով, զարմանքով նկատեցին, որ ջրի երեսին սպիտակ ծաղիկներ կան։
― Գիշերային աստղերը ծաղիկներ են թողել,― ասացին երեխաները, բայց խելահաս մարդիկ թափահարեցին գլուխները և ասացին, որ դա սպիտակ աստղն է իջել մեզ մոտ։ Նրանք ճիշտ էին։
Այդ օրվանից աստղն ապրում է լճի վրա սպիտակ ջրաշուշանի տեսքով, և հնդիկները Սպիտակ ծաղիկ են կոչում նրան։
Բառարանային աշխատանք: Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ: Գուժել – վատ լուր հաղորդել, Գտիր տրված բառերին մեկական հոմանիշ` դեպք — միջադեպ, ընդհարվել – բախվել, մրրիկ – փոթորիկ, ճառագայթ – ցոլք, ամայի – անբնակ, գաղտագողի – թաքուն, աստիճանաբար – հետզհետե:
Առաջադրանք
Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները:
ա) Ո՞րն է հեքիաթի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք որ չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։
Սյուժեն հետաքրքիր է։
Պատկերավորման միջոցները շատ են։
Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։վ
Պատմելու ոճը հետաքրքիր է։
Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։
Հեքիաթում տեղեկատվություն կա հնդկացիների կյանքից։
Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։
բ) Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝ մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ ինչի մասին ուզում եք։
Այս ծաղիկը, սիրո և գեղեցկության աստվածուհի Աֆրոդիտեի նման, ծնվել է ջրային փրփուրներից: Վարդը սպիտակ գույն ուներ: Ըստ լեգենդի, վարդն իր գույնը փոխել է, երբ մի անգամ աստվածուհու մատը ծակվել ու մի կաթիլ արյուն է ընկել ծաղկի վրա: Այդ օրվանից վարդը դարձել է կարմիր: Հնում հավատում էին, որ այդ ծաղիկը քաջություն է ներշնչում: Եվ, երբ քաջարի զինվորները մարտից հաղթանակած էին վերադառնում, նրանց վրա ընդունված էր վարդի թերթիկներ լցնել կամ գլխին վարդերով հյուսված ծաղկեպսակներ դնել:
Վաղուց նրա աչքերը չէին տեսնում, ականջները ծանր էին լսում, իսկ գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես։ Դողում էին և նրա սառը, չոր ձեռները. այնպես որ, երբ նա թանով ապուր էր ուտում կամ շորվա, կերակուրը միշտ կաթկթում էր նրա սպիտակ, մի քիչ էլ կանաչած միրուքի վրա։ Բացի դրանից, Եփրեմ պապը չէր կարողանում երկար ման գալ, հեռու տեղ չէր գնում և միայն արև օրերին, երբ սիրտն ուզում էր զբոսնել տան առաջի պարտեզում, կանչում էր թոռանը — Աստղիկին և նրա առաջնորդությամբ, ձեռնափայտը ձեռին, կամաց-կամաց ման էր գալիս ծառերի տակ։ Հետո Եփրեմ պապի ատամներից շատերը թափվել էին, դրա համար էլ ոչ միս էր կարողանում ուտել, ոչ չոր հաց։ Շա՜տ ծեր էր Եփրեմ պապը։ Տանը նրան այնքան էլ չէին սիրում և ամեն բան չէին տալիս ուտելու։ Բայց նա սիրում էր ամենքին, և ամենից շատ փոքրիկ Աստղիկին. պատմում էր նրան հեքիաթներ, առակներ, պատմում էր ուրիշ տղաների, աղջիկների մասին և այն մասին, թե ինչո՛ւ են ընկնում աստղերը երկնքից։ Երբեմն կոպեկներ էր նվիրում նրան, որ կոնֆետ առնի…Եվ դրա համար Աստղիկը պապին շատ էր սիրում. ամեն անգամ բռնում էր պապի ձեռից և առաջն ընկած ման ածում ծառերի արանքում ու բացատրում, թե որ ծառը ո՛րքան է բռնել և թե ինչպես է ծաղկել մասրի թուփը… Բայց Աստղիկը շատ էր ափսոսում, որ պապը չի տեսնում այդ բոլորը, և որովհետև պապը չէր տեսնում, Աստղիկը խղճում էր նրան և ավելի սիրում։Մի բան սակայն դուր չէր գալիս Աստղիկին, այն, որ պապը հիվանդանում էր շուտ-շուտ։ Այժմ էլ՝ երեք շաբաթ էր ահա պապը հիվանդ էր։ Երբ նա հազում էր, Աստղիկին թվում էր, թե չոր տերևներ են խշխշում նրա կրծքի տակ, իսկ քնած տեղը այնպես էր խռխռացնում, մեկը կարծես խեղդում էր նրան…Քանի օր էր, պապն ուզում էր դուրս գալ արևի տակ զբոսնելու, բայց տատը չէր թողնում. ասում էր՝ կմրսի… Եվ Աստղիկը զարմանում էր տատի վրա, թե ինչո՛ւ է նա այդպես անխիղճ մերժում պապին։ Ինչ կա որ, — մտածում էր նա, — թո՛ղ պապը դուրս գա, էլի տուն կգա… Բայց տատը և մայրիկը չէին թողնում։Եվ քանի նրանք չէին թողնում, պապն ավելի էր ցանկանում դուրս գալ… Եվ ահա մի օր պապն անսպասելի վեր կացավ անկողնից։ Աստղիկն այդ օրը շատ լավ է հիշում։ Կիրակի էր. տատն ու մայրիկը գնացել էին ժամ, իսկ հայրիկը քաղաքումն էր։ Երբ ինքը՝ Աստղիկը, փողոցից եկավ տուն, տեսավ պապը նստել է անկողնում և ձեռքերով բան է փնտրում կողքին։ — Ի՞նչ ես ուզում, պապի, — հարցրեց Աստղիկը։ — Շորերս, — ասաց պապը դողալով։ Աստղիկը տվեց նրան կապան, չուխան, ոտնամանները և գդակը։ Պապը դողդողալով հագնվեց և փայտը ձեռին դուրս եկավ պատշգամբ ու նստեց այնտեղ՝ թախտի վրա, արևի դիմաց։ Այդ օրը պապի դեմքը շատ տարօրինակ էր։ Աստղիկը նայում էր նրան և զարմանում, թե ինչու այդպես մտամոլոր է պապը և ինչի է ականջ դնում նա։ Պապն իսկապես ինչ-որ բանի ականջ էր դնում. գլուխը բարձր բռնած, աչքերը խուփ, նա կարծես կամենում էր լսել, թե ի՛նչ է կատարվում գյուղում և գյուղից դուրս… Քանի ժամանակ էր դուրս չէր եկել տնից և դրա համար, խորը շունչ քաշելով, ուզում էր լսել կարծես դրսի կյանքը… Մի քանի տարվա կուրությունը սրել էր նրա լսողությունը, ուստի և նա պարզ լսում էր մեղուների երգը օդի մեջ, բարդիների տերևների ուրախ ճքճքոցը և երեխաների զվարթ աղմուկը մի հեռավոր տան բակից։ Նրա ականջին էր հասնում և եկեղեցու տոնական զանգահարությունը, որը կարծես թրթռում, խաղում էր օդի մեջ և, շունչը կտրած, ընկնում գետին։ Զանգերի ղողանջը Եփրեմ պապի հոգում զարթեցնում էր անցած գնացած հուշեր, և նա իրեն տեսնում էր երեխա, որ Զատկին հոր հետ գնում էր եկեղեցի, ու զանգերը ղողանջում էին այդպես հանգիստ ու միալար… Հետո նա իրեն տեսնում էր ջահել ու առողջ, որ նույնպես ջահել մի աղջկա հետ, թև–թևի տված պսակի է գնում, ու զանգերն էլ ղողանջում էին այդպես թրթռալով… Վերջապես, նա տեսնում էր իրեն հասակն առած տղամարդ, որ գերանդին ձեռքին խոտ էր հնձում դաշտի մեջ… Զնգում էր գերանդին, լորերը թռչում էին խոտի միջից։ Խոտը լաս–լաս դարսվում էր շարքով և այսօրվա պես դարձյալ ղողանջում էին ժամի զանգերը… Այս բոլորը հիշելով՝ Եփրեմ պապը հանկարծ զգաց հնձած խոտի հոտ և, բերանը բանալով, խորը շունչ քաշեց։ Աստղիկը, որ ամբողջ ժամանակ նայում էր հիվանդ պապին, հանկարծ զարմացավ, տեսնելով պապի դեմքը պայծառացած։ Պապը նորից խորը, երկար շունչ քաշեց։ — Աստղիկ։ — Ի՞նչ է, պապի։ — Ինձ տար բաղը։ — Բա որ մրսե՞ս, պապի, — ասաց Աստղիկը, տարակուսանքով նայելով պապի կույր աչքերին։ — Չեմ մրսի, աղջիկս, գնա՛նք… Եվ պապ ու թոռ ձեռք-ձեռքի տված մտան պարտեզ։ Ծերունին, ձեռր թոռանը տված, քայլում էր նրա ետևից և հարցնում, թե ի՞նչպես են ծառերը, բոլորն էլ ծաղկե՞լ են արդյոք, ծաղիկները թափվե՞լ են, թե ոչ։ — Թափվել են, պապի, թափվել են, — պատասխանեց Աստղիկը։ — Պտուղներ երևո՞ւմ են ծառերի վրա։ — Այո, պապի, շա՜տ… — էդ լավ է, — ասաց պապը, — էդ լավ է։ Խոսելով հասան փոքրիկ պարտեզի ծայրը, որտեղից մի փոքրիկ դռնակ էր բացվում փողոցի վրա։ Պապն այդտեղ կանգ առավ և նորից շունչ քաշեց։ — Գնանք տուն, պապի, — ասաց Աստղիկը, — կմրսես, տատը կբարկանա… — Չէ, բալիկս, չեմ մրսի, — հանգստացրեց պապը և շարունակեց շունչ քաշել։ Մի փոքր այսպես կանգնելուց հետո պապը հարցրեց. — Հանդն էստեղից մոտիկ է, չէ՞, Աստղիկ։ — Հա, պապի, իհարկե, մոտիկ է։ — Դե որ մոտիկ է, աղջիկս, — ասաց պապը, — ինձ տար հանդը։ Դու էլ քեզ համար ծաղիկ կքաղես։ Աստղիկն ուրախացավ. — Հա՛, պապի. էնքա՜ն ծաղիկ կա հանդում… Մի քանի րոպե անց արդեն գյուղացիները զարմանքով տեսան իրենց բակերից, թե ինչպես հիվանդ Եփրեմ պապը թոռան ձեռից բռնած գնում էր դեպի դաշտը։ նրանք գնում էին դաշտ և մոռացել էին, որ տանը մարդ չկա և դռները բաց են հավերի ու շների առջև։ Փոքր հետո նրանք դուրս եկան դաշտը և երկար ժամանակ գնում էին խոտերի միջով։ Պապը քայլում էր կռացած և հևում ամեն մի քայլ անելիս, բայց կարծես չէր հոգնում. իսկ Աստղիկը պապի ձեռը բռնած առաջնորդում էր նրան և շարունակ խոսում. «Պապի, դեսն արի», «Պապի, առաջիդ քար կա», «Պապի, լոք տուր..» ։ Եվ ծեր պապը, թոռան ձայնին հնազանդ, կատարում էր նրա բոլոր պահանջները, լոք էր տալիս ջրի վրայից, թեքվում էր այն կողմը, ուր քաշում էր իրեն փոքրիկ աղջիկը։ Բավական տեղ գնալով՝ պապը կանգնեց, շունչ քաշեց բարձրահև ու հարցրեց Աստղիկին, թե ի՞նչ տեղ են գտնվում իրենք։ — Լավ տեղ ենք, պապի, — պատասխանեց Աստղիկը։— Էնքան ծաղիկ կա… Պապը շունչ քաշեց դարձյալ և հարցրեց. — Անտառը մոտիկ է, հա՞… — Հա, պապի, հրես մոտիկ։ Դու տեսնո՞ւմ ես որ… Պապը, առանց պատասխանելու, կույր աչքերը բարձրացրեց և ականջ դրեց։Այս անգամ նա ուզում էր լսել անտառի ձայնը։ Եվ ահա պարզ նրա ականջին էր հասնում հինավուրց անտառի խշշոցը, որ նման էր գետի տևական շառաչի։ Անտառը խշշում էր այնպես, կարծես բոլոր ծառերը միասին երգ էին ասում։ Ի՜նչ լավ է խշշում անտառը, — մտածեց պապը։ Այդ խշշոցը նույնն էր, ինչ որ շատ–շատ տարիներ առաջ։ Այդպես էր խշշում նա, երբ ինքը երիտասարդ էր. այդպես էր խշշում մերին, երբ նա հասակն առած տղամարդ էր… Այդ խշշոցը նույնն է, առաջվանը. նույնը կլինի և միշտ… Ու Եփրեմ պապը տխուր հառաչանքով նստեց կանաչների վրա հանգստանալու, իսկ Աստղիկն սկսեց ծաղիկներ քաղել և վազել թիթեռների հետևից։ Նստած տեղը, բոլոր ժամանակ, Եփրեմ պապը շարունակում էր ականջ դնել։Շ Այժմ անտառի խշշոցի հետ նրա ականջին էր հասնում առվի քչքչոցը… Նա ճանաչում էր այդ առուն, հնձի ժամանակ քանի՜ անգամ էր հաց կերել նրա մոտ… Առվի քչքչոցի հետ Եփրեմ պապի ականջին էին հասնում և թռչունների երգը — այդ արտույտներն էին երգում — և խոտերի շրշյունը, և հովից օրորվող թփերի շշունջը, իսկ հեռվից գալիս էր դարձյալ եկեղեցու զանգերի ձայնը ու խառնվում անտառի խշշոցին։ Ի՜նչ լավ է խշշում անտառը… Այսպես էր մտածում պապն իր սրտի խորքում, և նրա շրթունքները դողում էին հուզմունքից, ուզում էր աղոթել, բայց միտքն աղոթքի խոսքեր չէին գալիս… Մի փոքր էլ ականջ դնելով այդ ծանոթ, հարազատ ձայներին, պապը հանկարծ կռացավ և գլուխը խոնարհեց գետնին… Երկար համբուրում էր նա կանաչով ծածկված հողը և անզուսպ արցունքներն առատորեն թափվում էին նրա աչքերից… Մի փոքր էլ, մի փոքր էլ, և նա ուժասպառ ընկավ կանաչների վրա… Քիչ հետո, երբ Աստղիկը ծաղիկներ գրկած վերադարձավ պապի մոտ, զարմացավ, որ պապը պառկել է… «Պապն ինչո՞ւ է քնել էսպես», — մտածեց նա և ձայն տվեց։ Բայց պապը նրան չպատասխանեց։ Այդ ժամանակ Աստղիկն ավելի մոտեցավ նրան և շարժեց ձեռը, — Պապի, ա՛յ պապի, — կրկնում էր ձեռքը քսելով պապի երեսին, գլխին։— Վեր կաց, գնա՛նք… Դե, պապի, վեր կա՛ց, տատը կբարկանա… Պապը դարձյալ չէր զարթնում։ Իսկ Աստղիկը շարունակում էր շարժել նրա ձեռը, գլուխը, աղերսում էր, որ զարթնի։ Բայց պապը ժաժ չէր գալիս… Այդ տեսնելով, վերջապես, Աստղիկը որոշեց և վազեց տուն հայտնելու, որ պապը քնել է դաշտում ու չի զարթնում… Բայց պապը չէր քնել… Գնացին տեսան պապը մեռել էր դաշտում։ Երբ Աստղիկն այդ իմացավ, նա չէր կարողանում հավատալ, որ պապը մեռած լինի, նա չէր հավատում և նրան, թե պապին կտանեն իրենց տնից և նա էլ ետ չի գա… «Հապա էլ ո՞վ կպառկի նրա անկողնում, — մտածում էր նա, – ո՞վ կհագնի նրա չուխան…»: Եվ երբ մյուս օրը տերտերները պապին տարան ժամ, Աստղիկն սպասում էր, թե պապը կվերադառնա, բայց մութն էլ ընկավ, նա չեկավ… Իսկ երբ տան դռները փակեցին, որ քնեն, Աստղիկը սաստիկ տխրեց ու լաց եղավ վերմակի տակ։ Նա լաց էր լինում ու մտածում, թե ի՛նչու տան դռները փակեցին. չէ՞ որ պապը կարող է գալ, գուցե հենց հիմա էլ ելել ու կանգնել է դռան առաջ… Լաց լինելով մտածում էր, թե ո՛վ պետք է այնտեղ ման ածի պապին, չէ՞ որ նա չի տեսնում, կարող է քարի դեմ առնել կամ ոտը ջուրը գցել… — Ա՜խ, տեսնես կլինի մեկը, — մտածում էր Աստղիկը, — մի բարի տղա կամ մի բարի աղջիկ, որ խեղճ պապին ման ածի այնտեղ…
Հարցեր և առաջադրանքներ:
Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրիր: Չուխան – երկար վերարկու
Ի՞նչ զգացողություններ ունեցար պատմվածքը կարդալիս: Այս պատմվածքը շատ տխուր էր, և հուզիչ։
Բնութագրիր պապին: Պապը բարի մարդ էր, հոգու մեջ իրան զգում էր երիտասարդ։
Այնպես անխինդ են և նըման լացին Երգերն իմ երկրի, այնպես տխրագին. Մեզ չի հասկանա օտարերկրացին, Մեզ չի հասկանա սառն օտարուհին։
Այն մելամաղձիկ, լացող, միալար Ելևէջները ներդաշնակ այնպես Եվ հարազատ են սրտին մեր մոլար, Հոգուն մեր բեկված, ավերված, հրկեզ…
Տեսնում եմ ահա գյուղերը մեր խեղճ, Եվ թուխ դեմքերն այն տխրության սովոր. Իմ ժողովուրդը անել վշտի մեջ, Երկիին իմ անբախտ և աղետավոր։
Թող հնչե երգն այդ դառն ու ցավածին, Երգը հայրենի ցավագար ու հին, Մեզ չի հասկանա օտարերկրացին, Մեզ չի հասկանա սառն օտարուհին… Վահան Տերյան
մելամաղձիկ-ընկճված տրամադրության մեջ գտնվող
ցավածին-տանջանքից ծնված
ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես, Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա, Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝ Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։ Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին, Սակայն, իմացիր, հայրենի՛ք իմ մեծ, Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին, Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։ Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք, Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա Քո փառքի համար թե մի օր վառվեմ, Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։
Հովհաննես Շիրազ
ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ
Հայաստան ասելիս այտերս այրվում են, Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են, Չգիտեմ` ինչու՞ է այսպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է, Հայաստան ասելիս հասակս ծաղկում է, Չգիտեմ` ինչու՞ է այսպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են, Հայաստան ասելիս թևերս բացվում են, Չգիտեմ` ինչու՞ է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է, Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է. Կլինե՛մ, կմնա՛մ այսպես: Համո Սահյան: