Մայիսի 1
Մայիսի 1 Աշխատանքի տոն, Աշխատանքի օր, Գարնան և աշխատանքի տոն, Աշխատավորների համերաշխության միջազգային օր), աշխարհի բազմաթիվ երկրներում և տարածքներում նշվում է մայիսի 1-ին կամ մայիսի առաջին երկուշաբթի օրը:
Ռուսաստանում և Տաջիկստանում մայիսի 1-ը նշվում է որպես Գարնան և աշխատանքի տոն, իսկ Հայաստանում՝ Աշխատավորների միջազգային օրը: Ղազախստանում այդ օրը նշվում է Ղազախստանի ժողովրդի միասնության օրը, իսկ Ուկրաինայում, Բելառուսում, Ղրղզստանում, Չինաստանում, Պակիստանում, Շրի Լանկայում տոնվում է Աշխատանքի օրը:
ԱՄՆ-ում նույնանուն տոնը՝ Աշխատանքի օրը (անգլ.՝ Labor Day), նշվում է սեպտեմբերի առաջին երկուշաբթի օրը, իսկ Ճապոնիայում «Աշխատանքի գոհաբանության օրը» տոնվում է նոյեմբերի 23-ին: ԱՄՆ-ում Աշխատանքի օրն առաջին անգամ նշվել է Նյու Յորքում 1882 թվականի սեպտեմբերի 5-ին, իսկ սեպտեմբերի առաջին երկուշաբթին որպես տոնակատարության օր է նշվել 2 տարի անց: Աշխատանքին և աշխատավորներին նվիրված օրեր կան աշխարհի 142 երկրներում, բայց դրանք ոչ բոլորն են, ինչպես արդեն նշվել է, տոնվում մայիսի 1-ին:
Մայիսի 9
Հայաստանը այսօր նշում է Հաղթանակի եւ խաղաղության տոնը։
68 տարի առաջ այս օրը ազդարարվեց Հայրենական մեծ պատերազմի ավարտը: Աշխարհի բոլոր հայերի համար այսօր կրկնակի տոն է` նշվում է նաեւ Շուշիի ազատագրման 21-ամյակը:
Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Այս օրը հայ ժողովրդի համար կրկնակի խորհուրդ ունի, իր ուղերձում ընդգծում է նախագահը` շարունակելով. — «Մեծ հայրենականում բազմաթիվ ժողովուրդների հետ միասին նաեւ մեր հայրերի ու պապերի սխրանքով նվաճված պանծալի հաղթանակը ոչ միայն մեր երկիրը փրկեց վերահաս աղետներից, այլեւ հնարավորություն տվեց կառուցելու խաղաղ ու ստեղծագործ ապագա: Ֆաշիզմի դեմ պայքարում հայազգի մարտիկները կրկին անգամ ցուցադրեցին մեր ժողովրդի ազատատենչ ոգին ու սխրանքների գնալու հաստատակամությունը` յուրօրինակ ոգեշնչում դառնալով արդեն Արցախյան գոյամարտի տարիներին: Շուշիի ազատագրումից հետո մայիսի 9-ը մեզ համար ստացավ եւս մեկ նշանակություն, դարձավ հաղթանակի եւ խաղաղության նոր խորհրդանիշ: Այն մեզ համար փրկության եւ ազատության օր է, նոր հույսերի, նոր կյանքի սկիզբ, հայոց նորագույն պատմության նշանակալի հանգրվան»
«Այսօր հստակ է ամենակարեւորը. մենք մեր տան մեջ ապրելու համար որեւէ մեկի բարեհաճության կարիքը չունենք եւ արմատից կկտրենք որեւէ բռնություն: Մայիսի 9-ը ծանրակշիռ ապացույց է առ այն, որ, անհրաժեշտության դեպքում, ինքնապաշտպանության մեր իրավունքից այսուհետ եւս օգտվելու ենք առանց վարանելու եւ առավելագույն կերպով: Սա է խաղաղության ներկա բանաձեւը», — ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում, որը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:
«Ցավոք, խաղաղությունը հաճախ պարտադրվում է զոհերի գնով: Փա՛ռք մեր հերոսներին: Նրանց սխրանքը մենք հավերժացնելու ենք ամուր եւ վերելք ապրող պետություն կառուցելով», — ընդգծում է Հայաստանի նախագահը:
Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում բարեպաշտ մեր ժողովրդին` Մայիսի 9-ի` Հաղթանակի եւ խաղաղության պանծալի տոնի եւ Շուշիի ազատագրման օրվա առիթով», — ասված է, մասնավորապես, Վեհափառի ուղերձում, որը տարածել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
«Փառք եւ գոհություն ենք մատուցում Աստծուն, որ ազգս հայոց ապահովության մեջ պարծանքով ու տոնական խնդությամբ է նշում Խաղաղության եւ հաղթանակի ու Շուշիի ազատագրման տոները: Շուշիի եւ Արցախի ազատագրմամբ, որ ձեռք բերվեց մեր քաջարի զավակների հերոսական պայքարով, մեր նորօրյա պատմության մեջ բացվեց նոր հաղթանակների, նոր կյանքի հուսառատ էջը` հաստատելով սուրբգրային խոսքը, թե ովքեր խաղաղություն են ուզում, ուրախ պիտի լինեն», — իր ուղերձում գրել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Մայիսի 28
1918թ. մայիսի 28-ին Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության (ԱԺԴՀ) փլուզումից հետո Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Անկախության հռչակման պահին տարածքների զգալի մասը բռնազավթված էին թուրքական զորքերի կողմից, որոնք արդեն գտնվում էին Էրիվանի մոտ: Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հայկական զորքերի տարած հաղթանակները կասեցրեցին թուրքերի առաջխաղացումը և վերացրեցին հայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական ոչնչացման վտանգը:
Սակայն ստեղծված պայմաններում Հայաստանը ստիպված էր 1918թ. հունիսի 4-ին ստորագրել այսպես կոչված Խաղաղության և բարեկամության պայմանագիր օսմանյան կայսրության կառավարության հետ: Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունն այն տարածքների սահմանում, որոնք այդ ժամանակ վերահսկում էր Հայաստանի Հանրապետությունը` Էրիվանի և Էջմիածնի գավառները, որը կազմում էր 12 հազար քառ. կմ 1 մլն բնակչությամբ (ներառյալ փախստականները):
Հոկտեմբերի 30-ին Մեծ Բրիտանիան և Թուրքիան ստորագրեցին Մուդրուսի հաշտությունը Թուրքիայի կապիտուլյացիայի մասին: Այն ենթադրում էր թուրքական զորքերի դուրս բերում Անդրկովկասից: 1918թ. նոյեմբերին Թուրքիան Հայաստանին տեղեկացրեց այն մասին, որ իր զորքերը լքում են սահմանից դուրս տարածքները, որոնք նշված էին 1918թ. Բրեստի հաշտությամբ: Նոյեմբերին հայկական զորքերը մտան Ղարաքիլիսա, դեկտեմբերի սկզբին` Ալեքսանդրապոլ (Գյումրի): 1919թ. ապրիլ-մայիսին Հայաստանի կառավարությունը հսկողություն սահմանեց Կարսի, Օլթիի, Կաղզվանի վրա: Հայաստանի Հանրապետության կառավարությունն աջակցություն ցուցաբերեց Ղարաբաղի և Զանգեզուրի հայ բնակչությանը, որը ձգտում էր անկախանալ Ադրբեջանից: Բայց 1920թ. ապրիլի 28-ին Ադրբեջանում հաստատվեց խորհրդային իշխանություն, 11-րդ Կարմիր բանակը, որը մտել էր Ադրբեջան, գրավեց Ղարաբաը, Նախիջևանը, Զանգեզուրը: Հունիսի կեսերին ճնշվեց հայկական ջոկատների դիմադրությունը Ղարաբաղում: Հուլիսի 28-ին հռչակվեց Նախիջևանի խորհրդային հանրապետությունը: Օգոստոսի 10-ին Թբիլիսիում Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը հաշտության համաձայնագիր ստորագրեցին, որի համաձայն Ղարաբաղը, Նախիջևանը և Զանգեզուրը մնացին Կարմիր բանակի հսկողության տակ:
Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատևեց երկու տարի: 1920-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ պայմանագիր ստորագրեց բոլշևիկների հետ: Ստեղծվեց Հայկական ԽՍՀ-ն, որը գոյատևեց մինչև ԽՍՀՄ փլուզումը` 1991թ: