Рубрика: Պատմություն 9

Սառը պատերազմ

Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորվեց աշխարհաքաղաքական նոր վիճակ։ Ասպարեզից ժամանակավորապես հեռացան Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան։ Մեծ Բրիտանիան Արևմուտքի առաջատար տերության կարգավիճակը զիջեց ԱՄՆ-ին։ Պատերազմի հետևանքով թուլացած Ֆրանսիան այլևս չէր կարող պահպանել նախկին՝ Վերսալ-վաշինգտոնյան աշխարհակարգում ունեցած իր դերը։

Հաղթող պետություններից գերակշիռ դիրք ստացան ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը, որոնք դարձան համաշխարհային քաղաքականության նոր կենտրոններ։ Եվրոպակենտրոն աշխարհը մնաց անցյալում, ավելին՝ Եվրոպան ինքը դարձավ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի ազդեցության ոլորտների բաժանման տարածաշրջան։

Ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթության մեջ ունեցած իր ներդրման շնորհիվ աննախադեպ աճել էր ԽՍՀՄ-ի հեղինակությունը։ Ընդլայնվել էր նրա ազդեցության ոլորտը ոչ միայն Եվրոպայում, այլ նաև Ասիայում։ Խորհրդային բանակի կողմից ազատագրված եվրոպական երկրներում շատ արագ ձևավորվեցին խորհրդամետ վարչակարգեր, իսկ մյուս երկրներում մեծ թափ էր հավաքել կոմունիստական շարժումը։ Կար իրական հնարավորություն, որ այդտեղ էլ կհաստատվեն սոցիալիստական վարչակարգեր։ Խորհրդային Միության նկատմամբ աճել էր եվրոպացիների հետաքրքրությունը, իսկ ԱՄՆ–ի մասին նրանց պատկերացումները խորհրդանշվում էին քաղաքակրթական կարևոր արժեքներով՝ ազատություն, սոցիալիստական արդարություն, ստեղծագործ աշխատանք։

ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինը օգտագործեց այս կացությունը՝ նպաստելով Եվրոպայում և Ասիայում սոցիալիստական նոր պետությունների առաջացմանը։

Արևմտյան կապիտալիստական աշխարհում անվիճելի դարձած ԱՄՆ-ը չէր կարող համակերպվել ԽՍՀՄ-ի քաղաքական ազդեցության ծավալման հետ։ Որպես հետևանք՝ ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը չկարողացան պահպանել պատերազմի տարիներին ձևավորված համագործակցային հարաբերությունները։ Կրկին առաջին տեղ մղվեցին գաղափարախոսական և քաղաքական հակասությունները։ Դրանց խորքում ընկած էին երկու գերտերությունների համաշխարհային գերիշխանության հասնելու ձգտումները։

Оставьте комментарий