1․ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (նաև կրկնակ)։
ա) Վիշապագորգը հայկական գորգ է, որի շեղացանց հորինվածքում բուսական ու կենդանական զարդանախշերի տարբեր զուգորդումներում կարևորված է վիշապի վերացարկված, ոճավորված կերպարը։ Վիշապագորգի դաշտում երկայնակի կենտրոնական առանցքով դասավորված են բազմազան հորինվածքներով վարդյակներ։ Վիշապները տեղադրված են այդ առանցքին զուգահեռ երկու շարքում, յուրաքանչյուրում՝ երկուսից չորս հատ։ Նրանց մոտ պատկերված են կենաց ծառեր։ Վիշապագորգին բնորոշ են մեծ չափերը, երիզող մեկ զարդագոտին, տիրապետող չորս գույները՝ կարմիր, կապույտ, շականակագույն, փղոսկրագույն։
բ) Վիշապագորգի հիմնագույնը գերազանցապես վառ կարմիրն է՝ ստացված որդան կարմրից, որի արտադրության հիմնական վայրը եղել է Արարատյան դաշտը։ Վիշապագորգերը համարվում են ոչ միայն հայկական, այլև ողջ գորգագործության ամենահին խումբը։ Քսաներորդ դարի սկզբին վիշապագորգը առաջին անգամ ուսումնասիրել են անվանի արևելագետ արվեստաբաններ Ֆ. Մարտինը, Ֆ. Սարրեն և այլք, որոնք առանձնացրել են արևելյալ գորգերի այդ խումբը և հայկական արվեստի մյուս բնագավառների հետ ունեցած ընդհանրությունների հիման վրա բնորոշել դրանց անվանումն ու հայ մշակույթին պատկանելը։
գ) Դարբնությունը հնագույն ժամանակներից հայտնի է եղել աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդներին։ Հին հույները նույնիսկ ունեցել են դարբնության աստված՝ Հեփեստոսը։ Դարբինները, ավելի վաղ շրջանում պղինձը, ապա երկաթը կրակի վրա շիկացնելով և կռելով, պատրաստում էին երկրագործական և արհեստագործական գործիքներ, տնտեսական ու կենցաղային իրեր։ Երբ արհեստների զարգացմամբ ու տարաբաժանմամբ պղնձագործությունն անջատվեց մետաղագործության մայր արհեստից, դարբնություն համարվեց միայն երկաթի մշակման արհեստը։ Դարբիններն են առաջին անգամ ձուլել պողպատը, հայտնագործել պղնձի օգնությամբ պողպատը երկաթին զոդելու եղանակը։
դ) Դարբնությունը հարգված արհեստ է եղել Հին Հայաստանում։ Դարբնությունը համարվում էր կորովի մարդկանց արհեստ։ Հայերի համար դարբնությունը ուժի, զորության խորհրդանիշ էր։ Ըստ առասպելի՝ Արտաշես արքայի որդի Արտավազդը, որը շղթայված էր Մասիսի վիհում, չար հոգի էր, որը կարող էր դուրս գալ ու կործանել աշխարարհը: Դրա համար դարբինները խփում էին սալին և ամրացնում Արտավազդի շղթաները։ Ընդհուպ մինչև տասնիներորդ դարի վերջերը ժողովրդական հավատալիքը դարբնին վերագրում էր գերբնական զորություն, որն առնչվում է վաղնջական ժամանակներից եկող մետաղի պաշտամունքին։
2․ Նախադասությունը ենթարկիր ձևաբանական վերլուծության.
Օհանը Զանու հայրն է եղել, անհանգիստ, ինքն իր ասածի և հակառակ մարդ: Եզան նման աշխատել գիտեր, նրա շալակը ոչ ոք չէր կարող տեղից շարժել: Ձեռքը եթե ձիու մեջքին էր դնում, ուժով ձին էլ կռանում էր, փորը գետնով տալիս: Երբեմն անհայտանում էր, մի քանի օրից հետո նորից երևում: