Դանիել Վարուժան (Դանիել Չպուգքյարյան) (ծնվել է ապրիլի 20-ին 1884թ., Օսմանյան կայսրություն, մահացել է օգոստոսի 26-ին 1915թ. 31 տարեկանում) XX դարի արևմտահայ բանաստեղծ։ Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը։
Վարուժանի կյանքը թեպետև ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։
Անդաստան
Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:
Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:
Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:
Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։
Դանիել Վարուժանի «Անդաստան» բանաստեղծությունը մարդասիրական բնույթ ունի։ Բանաստեղծության մեջ հեղինակը օրհնում է աշխարհի չորս կողմերը։
Անդաստանի արարողության խորհուրդը աշխարհի չորս կողմերի օրհնությունն է։ Հնում անդաստանի արարողությունը կատարվել է եկեղեցուց դուրս։ Ըստ եկեղեցական տոնացույցի «անդաստան ելանել» կամ «անդաստան օրհնել» նշանակում է եկեղեցու ատյանում շրջելով՝ աշխարհի չորս կողմերը օրհնել։