1991թ. Խորհրդարանը ընդունեց օրենք, որով հանրապետությունում ստեղծվում էր բազմակուսակցական համակարգ։Աստիճանաբար առաջացան նոր կուսակցություններ, հասարակական-քաղաքական կազմակերպություններ ու միություններ։Օրինակ Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՄ), Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), «Օրինաց երկիր» (ՕԵԿ), «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունները և այլն։Հասարակական-քաղաքական կյանքը հանրապետությունում աշխուժացավ 1995թ. հուլիսի 5-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ընդդիմության հիմնական կուսակցություններն առաջադրեցին իրենց թեկնածությունները, իսկ ՀՀՇ-ն‚ իր շուրջը համախմբելով մի շարք կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների, ձևավորեց «Հանրապետություն» միավորումը։Բնակչության հասարակական-քաղաքական ակտիվության բարձրացմանը նպաստող կարևոր իրադարձություններից էին 1996թ. սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները։Երկրորդ անգամ հանրապետության նախագահ ընտրվեց Լ. Տեր-Պետրոսյանը։Այդ ընտրություններից հետո իշխանությունների ու հասարակության միջև սկսվեց որոշ օտարացում։ Այդ քաղաքական ճգնաժամը հասցրեց 1998թ. Փետրվարին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին
1998թ. մարտին արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ հիմնական պայքարը ընթանում էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքական ասպարեզ վերադարձած ՀԿԿ Կենտկոմի նախկին առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի միջև։ Հանրապետության նախագահ ընտրվեց Ռ. Քոչարյանը։Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Կ. Դեմիրճյանը, վարչապետ նշանակվեց Վ. Սարգսյանը։Հանրապետության վիճակը ծանրացավ 1999թ. հոկտեմբերի 27-ի նախադեպ չունեցող ահաբեկչությամբ, երբ խորհրդարանում զոհվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ, պատգամավորներ։ Դա ծանր հարված էր ժողովրդավարությանը։Հայաստանի Հանրապետության նախագահական հինգերորդ ընտրությունները տեղի ունեցան 2008 թվականի փետրվարի 19-ին: ՀՀ նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը: Չընդունելով ընտրության արդյունքները` ընդդիմության արմատական թևը Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ փետրվարի 20-ից 10 օր խաղաղ հանրահավաքներ սկսեց, որոնք ցրվեցին իշխանության կողմից: Ապակայունացած իրավիճակը Երևան քաղաքում մարտի 1-2-ը հանգեցրեց ողբերգական դեպքերի: Տեղի ունեցան բախումներ ոստիկանության և հանրահավաքի մասնակիցների միջև: Զոհվեց 10 մարդ: Եղան վիրավորներ: Երկրում մտցվեց 20-օրյա արտակարգ դրություն: