Ա մաս
I Արան թագաւորն ու Անմահական այգին
II Պառաւի որդու մահը
III Պառաւի անէծքն ու Այգու չորանալը
IV Ծերունի հրէշտակը
V Արեգն ու եղբայրները գնում են՝ Հազարան Հաւքը որոնելու
VI Կախարդական աշխարհի ճանապարհն ու հսկայ ծերունին
VII Արեգը Սեւ աշխարհում
VIII Արեգը Կապոյտ աշխարհում
IX Արեգը Կարմիր աշխարհում
X Արեգը հուրիփերիների մշտադալար Այգում
XI Արեգը Սպիտակ աշխարհում
Բ մաս
I Արեգը Կախարդական աշխարհում
II Հազարան Հաւքը եւ չնաշխարհիկ Տիրուհին
III Եղբայրների դաւաճանութիւնը
Գ մաս
I Արեգը Մութ աշխարհում
II Տիրուհին փնտրում է Հազարան Հաւքը
III Տիրուհու զօրքը պաշարում է Արան թագաւորի քաղաքը
IV Արեգի յայտնութիւնը եւ սէրը
V Ծաղկած այգին եւ Արեգ թագաւորը
Рубрика: Գրականություն 2020 — 2021
Վիլյամ Սարոյան «Պատերազմը»
Պատերազմը մեզ էլ հասավ։ Ասացին, որ չափից ավելի չուտենք, ոչինչ չշռայլենք` ամեն ինչ արժեքավոր էր։ Ասացին, որ պատերազմի նամականիշներ գնենք։ Մենք Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմը հազարավոր զինվորներ էինք ուղարկում, իսկ դրա համար փող էր հարկավոր։ Մեզ կոչ էին անում դրամ վաստակել ու պատերազմի նամականիշներ գնել` հատը քսանհինգ սենթ։
Միսս Գամման ասաց, ոո մենք` երեխաներս, նույնպիսի զինվորներ ենք, ինչպես և համազգեստ հագած տղամարդիկ։ Շքերթներ էին լինում։ Մենք տեսնում էինք երթաքայլող զինվորներին։ Մենք նրանց տեսնում էինք Սաուդրրն Փըսիֆիք կայարանում գնացքների մեջ լցվելիս։ Մենք լսում էինք նրանց մայրերի ու քույրերի լացը։
Նար -Դոս: Նա
Վենեցիայում, դոժերի, ջրանցքների և գեղարվեստների այդ հրաշակերտ քաղաքում, մի հին ազնվական ընտանիքի մեջ ապրում էր այդ ընտանիքի միակ զավակը― գեղեցիկ Ջուլիետտան։ Այնքան էր գեղեցիկ նա, որ թվում էր, թե հողեղեն չէ, այլ մի հավերժահարս, որ դուրս է եկել ծովի փրփուրներից։ Աչքերը կապույտ էին, ինչպես Իտալիայի ջինջ երկինքը, հայացքը զվարթ ու անհուն, ինչպես Ադրիատիկի հորիզոնները։ Ոսկեգույն ծամերը սքանչելի գանգուրներով պսակում էին նրա փոքրիկ, սիրունիկ գլուխը։ Երբ ժպտում էր (բայց ե՞րբ չէր ժպտում), նրա չքնաղ այտերի վրա մատնեհարներ[2] էին գոյանում և փոքրիկ բերանի մեջ վարդագույն շրթունքների տակ շողշողում էին փղոսկրի պես սպիտակ ու ամուր մանրիկ ատամները։ Միշտ զվարթ էր գարնան արևի պես, միշտ թրթռուն՝ թիթեռնիկի պես, միշտ չարաճճի՝ կայտառ երեխայի պես։ Երկու գույն էր սիրում— կարմիր ու սպիտակ, և նրա արդուզարդի ու կրծքի վրա միշտ անպակաս էին այդ երկու գույնի ծաղիկները՝ մեխակը և շուշանը։
Նա ինքը թարմ ու հոտավետ ծաղիկ էր՝ կարմիր կամ սպիտակ, նայելով թե ինչ գույնի հագուստ էր հագնում― մեխակի պես կարմի՞ր, թե՞ շուշանի պես սպիտակ։2Մի անգամ, գարնանային մի սքանչելի երեկո, որպիսին միայն Ադրիատիկի ափերումն է լինում, երբ Ջուլիետտան իր հոր պալացցոյի[3] վերին հարկի իր փոքրիկ սենյակում զբաղված էր իր սպիտակ հագուստով և կրծքին մեխակի կարմիր ծաղիկն էր ամրացնում, որ զբոսանքի գուրս գա Պոնտե-Ռիալտոյի տակ Մեծ ջրանցքի վրա, դրսից ինչ-որ նվագածության ձայն լսեց։ Մի հմուտ ձեռք սերենադ էր նվագում ջութակի վրա։ Ջուլիետտան վազեց դեպի բաց պատուհանը և ցած նայեց դեպի փողոց։
Ամենապիտանի բանը: Ավ. Իսահակյան
Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:
-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշխարհիս երեսին, և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտեմարանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
Առե՛ք գանձերիցս, ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքեքաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքեքաղաք, աշխարհեաշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:
Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:
Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է հեքիաթը:
Ըստ քեզ` ո՞րն է ամենապիտանի բանը:
Համաձայն ե՞ս, որ լույսն է ամենապիտանի բանը: Պատասխանդ հիմնավորիր:
Ընդգծված բառերին մեկական հոմանիշ գրիր:
Ռեյ Բրեդբըրի «Մի սիրո պատմություն»
Այդ շաբաթ Անն Թեյլորը եկավ Կանաչ Քաղաքի ամառային դպրոցում աշխատելու: Նրա քսանչորսերորդ տարեդարձի ամառն էր, այն նույն ամառը, երբ Բոբ Սփոլդինգի տասնչորս տարին լրացավ:
Անն Թեյլորին մոռանալ չէր լինի, որովհետև այն ուսուցիչներից էր, որոնց բոլոր երեխաներն ուզում են մեծ-մեծ նարինջներ կամ քնքուշ ծաղիկներ բերել, որոնց համար պատրաստ են աշխարհի ահռելի կանաչ-դեղին քարտեզներն առանց ասելու հավաքել ու ծալել: Այն կանանցից էր, որ սպասում ես, թե պիտի միշտ հանդիպես, երբ կաղնին ու ծփին կանաչ ստվերով են լցրել հին քաղաքի պուրակը, ու ցոլացող ստվերը նրա քայլի հետ պիտի դեմքին թրթռա, մինչև շուրջբոլորը միայն նրան տեսնեն: Ասես ամառվա բուրալի դեղձ ձմեռվա ձյունին, ասես պաղ սառցահյութ՝ հունիսյան առավոտ տապին: Հակադիր ի՛նչ համեմատություն բերեիր՝ Անն Թեյլորը դա՛ էր: Աշխարհի հազվագյուտ օրերը, երբ եղանակն այնքան համաչափ է, ասես հակառակ փչող քամիներ, որ տերևը կանշարժացնեին ծառին, այդպիսի օրերը ճիշտ Անն Թեյլորին էին նման և օրացույցում պիտի նրա անունով կոչվեին:
Նամականի
Նամակներ մահվանից առաջ։ Ջոնի Ուելշ
Եթե Աստված գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի թե չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ: Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից: Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի` հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան: Ես կքայլեի, քանի դեռ մյուսները կանգնած են, չէի քնի, քանի մյուսները քնած են: Ես կլսեի, երբ մյուսները խոսում են և կվայելեի շոկոլադե պաղպաղակի հիանալի համը:
Եթե Աստված ինձ կյանքի մի պահ էլ պարգևեր, ես ավելի համեստ կհագնվեի, կպառկեի արևի շողերի տակ և նրա ջերմությանը ի ցույց կդնեի ոչ միայն մարմինս, այլև` հոգիս: Տեր Աստված, եթե ես սիրտ ունենայի, ես կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև դուրս գա արևը: Ես կնկարեի Վան Գոգի երազով Բենեդետտիի պոեմի աստղերի վրա և Սերրատի երգը սերենադի պես կնվիրեի լուսնին: Ես արցունքներով կջրեի վարդերը, որպեսզի զգամ նրանց փշերի ծակոցների ցավը և թերթիկների համբույրը:
Ստեփան Զորյան. Չալանկը
Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:
Մեր Չալանկր մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։
Վերլուծություն
ՏԱՐ ԻՆՁ, ԺԱՄԱՆԱԿ
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:
Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:
Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:
Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:
Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:
Մարդիկ, ձեզ շատ հավատացի,
Եղա ձեզ մոտ ու մտերիմ…
Տվի վերջին հատիկն էլ իմ
Դժվարությամբ հավաքածի:
Մարդիկ, ձեզ շատ հավատացի…
Թեկուզ խաբված հազար անգամ՝
Ձեզ բացեցի մինչեւ անգամ
Խորհուրդն Աստծո առաքածի:
Մարդիկ, ձեզ շատ հավատացի,
Բայց ստերի այս սեւ դարում
Հավատացողն ի՞նչ է շահում,
Շատ-շատ՝ մի բախտ հալածվածի:
Թեկուզ բախտով հալածվածի
Ես ինձ մանկան պես եմ պահում,
Խաբեության այս աշխարհում
Մարդիկ, ձեզ շատ հավատացի:
Շատ եմ սիրում Համո Սահյանի <<Տար ինձ ժամանակ>> բանաստեղծությունը: Բանաստեղծությունը յուրաքանչյուր մարդ ընթերցելու ընթացքում կարող է հանգստանալ, հանդարտանալ և սկսել մտածել: Կարծում եմ, ինչքան էլ որ ժամանակը իր թևերի վրա հեռու տանի, միևնույն է, հիշողություններից մարդը չի կարող փախչել: Ինձ համար այս բանաստեղծության իմաստը այն էր, որ մարդ պետք է ժամանակի հետ միաժամանակ քայլի և ետ չմնա:
Պառավ ձին: Լև Տոլստոյ
Մեզանում Պիմեն անունով մի հի՜ն ծերունի մարդ կար։
Իննսուն տարեկան էր։ Պարապ-սարապ ապրում էր իր թոռան մոտ։ Մեջքը կռացած, փայտը ձեռին, ոտները դանդաղ քարշ տալով՝ ման էր գալի։ Բերանը անատամ, դեմքը կնճռոտած, իսկ ներքին շրթունքը դողդողում էր շարունակ։ Ման գալիս, խոսելիս շրթունքներով ծլըփացնում էր, ու անկարելի էր հասկանալ, թե ինչ է ասում։
Մենք չորս եղբայր էինք, չորսս էլ սիրում էինք ձի նստել, բայց նստելու հանգիստ ձի չունեինք։ Միայն մի պառավ ձիու էին թողնում նստենք, որի անունը Սևուկ էր։
Մի անգամ մայրիկս մեզ իրավունք տվեց ձի նստենք, ու ամենքս միասին ծառայի հետ գոմը վազեցինք։ Դարձյալ Սևուկը թամբեցին մեզ համար։ Առաջինը նստեց մեծ եղբայրս։ Քշեց կալը գնաց, պարտեզի չորս կողմովը պտտվեց, դեպի մեզ եկավ թե չէ, ձեն տվինք՝ հապա դե մի չափ գցի։ Նա սկսեց Սևուկին զարկել ոտներով, մտրակով, ու Սևուկը վազեց մեր կողքից։
Մեծից հետո մյուս եղբայրս նստեց։
Նա էլ երկար ման եկավ, նույնպես մտրակով քշեց Սևուկին ու չափ գցեց սարի տակից։ Դեռ էլի էր ուզում ման գալ, բայց երրորդ եղբայրս խնդրեց, որ շուտով թողնի իրեն։ Երրորդ եղբայրս քշեց և՛ դեպի կալը, և՛ պարտեզի չորս կողմով, և՛ գյուղի միջով ու արագությամբ բաց թողեց սարի տակից դեպի գոմը։ Երբ մեզ հասավ, Սևուկը հևում էր, իսկ շլինքն ու ազդրերը քրտնքից սևացել էին։ Հերթն ինձ եկավ։ Ես ուզում էի եղբայրներիս զարմացնեմ, ցույց տամ, թե ոնց եմ քշում։
Սկսեցի քշել Սևուկին բոլոր ուժով։ Բայց Սևուկը չէր ուզում գոմից հեռանա։ Ինչքան տվի, ինչ արի-չարի, տեղիցը չշարժվեց, հենց վախում էր ու ետ-ետ գնում։ Ես բարկացա ու ինչքան ուժ ունեի, սկսեցի զարկել մտրակով ու ոտներով։ Աշխատում էի զարկել էն տեղերին, որ ավելի ցավ են տալի։ Մտրակը կոտրեցի ու ձեռիս մնացած կտորով սկսեցի գլուխը ծեծել։ Բայց Սևուկը էլ չէր ուզում գնալ։ Այն ժամանակ ես ետ եկա, ծառային խնդրեցի, որ մի ավելի ամուր մտրակ տա։ Ծառան ասավ.
-Հերիք էր, ինչ քշեցիք, վեր եկեք, ինչո՞ւ եք տանջում անասունին։
Ես նեղացա.
— Ո՞նց թե, ես իսկի չեմ քշել։ Տես ինչպես չափ կգցեմ հիմի։ Դու միայն ինձ մի ավելի ամուր մտրակ տուր, ես սրան մի վառեմ։
Ծառան գլուխը թափ տվեց․
— Է՜հ, ախպեր, դուք խղճմտանք չունեք, դրան էլ ի՞նչ վառել կուզի։ Տեսեք, արդեն քսան տարեկան ձի է։ Տանջված անասուն է, հազիվ է շունչ քաշում։ Պառավել է, հասկանում եք, թե՞ չէ․ ա՛յ, Պիմենի պես պառավել է։ Մի՞թե կնստեիք Պիմենի մեջքին ու էդպես մտրակով կծեծեիք ուժիցը վեր, մի՞թե չէիք խղճահարվիլ։
Ես իսկույն հիշեցի Պիմենին և ականջ դրի ծառային։
Ձիուց իջա ու երբ մտիկ արի, թե ինչպես էին նրա քրտնած կողքերը բարձրանում ու ցածրանում, ինչպես էր պնչերով ծանր շունչ քաշում, հևում՝ մազթափ պոչը շարժելով, տեսա, որ վատ վիճակի մեջ էր։ Իսկ ես կարծել էի, թե նա էլ էր ինձ պես ուրախանում։ Այնպես մեղքս եկավ Սևուկը, այնպես մեղքս եկավ, որ սկսեցի քրտնած վիզը համբուրել, ներողություն .խնդրել, որ ծեծել եմ։ Այն օրվանից, ինչ մեծացել եմ, ես միշտ խղճում եմ ձիաներին ու, երբ տեսնում եմ նրանց չարչարելիս, հիշում եմ պառավ Սևուկին ու պառավ Պիմենին։
Առաջադրանք:
ա) Նկարագրե՛ք Պիմեն ծերունուն և հիմնավորե՛ք նրա կերպարի անհրաժեշտությունը պատմվածքի մեջ։
Պիմեն ծերունին շատ ծեր էր, անատամ բերանով, կնճռոտած դեմքով: Նա այս պատմվածքի մեջ շատ կարևոր դեր և անհրաժեշտություն ուներ, որովհետև հենց նրա շնորհիվ տղան հասկացավ, որ պետք չէ տանջել և ցավ պատճառել ոչ ոքի, առավել ևս կենդանիներին: Տանջելով ոչ մի բանի չենք հասնի, այլ ընդհակառակը ավելի ու ավելի վատ կլինի:
բ) Ընտրե՛ք և հիմնավորե՛ք այն մտքերը, որոնք արտահայտված են պատմվածքի գաղափարում, և հիմնավորե՛ք, թե ինչո՛ւ չեք ընտրել մյուս մտքերը։
- Ձիերը վարելու համար են, և նրանք դրանից հաճույք են ստանում։
- Մարդն ու կենդանին նույնը չեն, պետք չէ նրանց համեմատել։
- Ծերությունը վերաբերում է և՛ կենդանիներին, և՛ մարդկանց։
- Միշտ պետք է խղճով գործել։
- Վարգը ձիու տարերքն է՝ երիտասա՞րդ է նա, թե՞ ծեր։
- Ծեր կենդանին, ինչպես ծեր մարդը, հոգածության կարիք ունեն:
Ծերությունը վերաբերում է և՛ կենդանիներին, և՛ մարդկանց։
Մեծանալով մարդիկ դժվարանում են շարժվել, կենդանիներն նույնպես:
Միշտ պետք է խղճով գործել։
Այս միտքը ուզում է ասել, որ միշտ պետք է խղճով գործել, որովհետև խիղճը օգնում է բոլոր իրավիճակներում: Պետք է միշտ խիղճ ունենալ և բարի լինել:
Փոքրիկ սիրտս ում նվիրեմ: Նադեր Էբրահիմի
Ես մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:
– Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի և մարդուն ցավ կպատճառի:
Ահա, հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ է՝ մտածում եմ՝ այս փոքրիկ սիրտը ո՞ւմ նվիրեմ: Այսինքն՝ ո՞ւմ պետք է սրտիս մեջ տեղավորեմ, որ բոլորից լավը լինի: Ճիշտն ասած՝ ախր, չգիտեմ՝ ինչպես ասեմ…Սիրտս ուզում է՝ այս ամբողջ-ամբողջ, փոքրիկ-փոքրիկ սիրտս՝ մի փոքրիկ, սիրուն տնակի պես, մի այնպիսի մեկին նվիրեմ, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում…կամ…չգիտեմ…մեկին, որ շատ լավն է: