Այդ շաբաթ Անն Թեյլորը եկավ Կանաչ Քաղաքի ամառային դպրոցում աշխատելու: Նրա քսանչորսերորդ տարեդարձի ամառն էր, այն նույն ամառը, երբ Բոբ Սփոլդինգի տասնչորս տարին լրացավ:
Անն Թեյլորին մոռանալ չէր լինի, որովհետև այն ուսուցիչներից էր, որոնց բոլոր երեխաներն ուզում են մեծ-մեծ նարինջներ կամ քնքուշ ծաղիկներ բերել, որոնց համար պատրաստ են աշխարհի ահռելի կանաչ-դեղին քարտեզներն առանց ասելու հավաքել ու ծալել: Այն կանանցից էր, որ սպասում ես, թե պիտի միշտ հանդիպես, երբ կաղնին ու ծփին կանաչ ստվերով են լցրել հին քաղաքի պուրակը, ու ցոլացող ստվերը նրա քայլի հետ պիտի դեմքին թրթռա, մինչև շուրջբոլորը միայն նրան տեսնեն: Ասես ամառվա բուրալի դեղձ ձմեռվա ձյունին, ասես պաղ սառցահյութ՝ հունիսյան առավոտ տապին: Հակադիր ի՛նչ համեմատություն բերեիր՝ Անն Թեյլորը դա՛ էր: Աշխարհի հազվագյուտ օրերը, երբ եղանակն այնքան համաչափ է, ասես հակառակ փչող քամիներ, որ տերևը կանշարժացնեին ծառին, այդպիսի օրերը ճիշտ Անն Թեյլորին էին նման և օրացույցում պիտի նրա անունով կոչվեին:
Ռեյ Բրեդբըրի «Մի սիրո պատմություն»
Страницы: 1 2