Рубрика: Հայոց Լեզու 9, Գրականություն 9

Հովհաննես Թումանյանի կենսագրությունը

Հովհաննես Թադևոսի Թումանյան

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին (նոր տոմարով՝ 19-ին) Լոռվա Դսեղ գյուղում:
1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում: 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին:

1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ 1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։

1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ 1922թվականին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգալ է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն 1923թվականի մարտի 23-ին՝ 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է։

Տոհմ

Հովհաննես Թումանյանի հայրը՝ Ասլանը (1839-1898), գյուղի քահանան էր՝ ձեռնադրված որպես Տեր-Թադևոս։ Նա պատկանում էր ազնվական Թումանյան տոհմին, որ սերում էր Տարոնից 10-11-րդ դարերում Լոռի գաղթած Մամիկոնյաններից: Մայրը՝ Սոնան (1842-1936), ծագում էր Քոչարյանների տոհմից և նույնպես դսեղցի էր։ Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին՝ նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում։ Թումանյանն ութ երեխաներից ամենաավագն էր. մյուս երեխաներն էին՝ Ռոստոմ (1871-1915), Օսան (1874-1926), Իսկուհի (1878-1943), Վահան (1881-1937), Աստղիկ (1885-1953), Արշավիր (1888-1921), Արտաշես (1892-1916):

Оставьте комментарий