Рубрика: Հայոց Լեզու 9, Գրականություն 9

Թումանյանի 3 իրերը

1. Ճապոնական ջեռակները

Ցուրտ եղանակին գրողին միշտ ձեռքերը գրպանում էին տեսնում: Հովհաննես Թումանյանը շատ «մրսկան» էր, բայց միայն հագուստի կտորը չէր, որ ծածկում էր նրա ձեռքերն ու տաք պահում դրանք: Գրպանի ջեռակները, կարծես, հենց իր համար արտադրված լինեին: Ճապոնական արտադրության ջեռակները գործում էին ներսում այրվող ածուխի մեխանիզմով: Դրանք միշտ Թումանյանի վերարկուի գրպանում էին՝ բանաստեղծի ձեռքերը տաք պահելու համար:

2. Քառյակների տուփն ու թախտը

Ընդամենը մի քանի տողում կյանքի ողջ փիլիսոփայությունն արտահայտած գրողն իր քառյակները ստեղծում էր թախտին պառկած: Թումանյանի «հոգու կենսագրությունները» ծնվեցին բանաստեղծի կյանքի վերջին տարիներին: Հիվանդ էր, թույլ էր զգում իրեն, ինչի համար էլ գրում էր պառկած: Կողքին միշտ թուղթ ու մատիտ կար, որպեսզի մուսան «կողքով չանցներ»: Ողջ գիշերը գրում էր, իսկ պատին հատուկ քառյակների համար տուփն էր փակցված, ուր հայտնվում էին «նորածինները»:

3. Արծաթյա նոթատետրը

Թումանյանի 50-ամյակը տանն առանձնապես չնշեցին: Հենց սկզբից էր հրաժարվել: Ուրախությունների տրամադրություն չուներ՝ ընտանեկան կորուստների պատճառով: Թումանյանի տանը չնշվեց հոբելյանը, սակայն ժողովուրդը չէր մոռացել ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը. տոնական միջոցառումներ եղան տարբեր վայրերում: Այդ օրերին Թումանյանին իրենց մոտ են հրավիրում նաեւ Լոռեցիների հայրենակցական միության անդամները: «Գնում եմ լոռեցիների քեֆին, շաշերը հավաքվել են»,- ասում է Թումանյանը: Բանաստեղծի կրտսեր դուստրը՝ Թամարը, արձագանքում է. «Ամենամեծ լոռեցին ես, ուրեմն ամենամեծ շաշն ես»: Այդ օրվանից, բացի դստեր հուշերից, կա եւս մեկ վկա: Միության անդամները Թումանյանին էին նվիրել արծաթյա նոթատետր՝ վրան փորագրված «Հայրենի Լոռու անզուգական երգիչ, սիրելի Հովհաննես Թումանյանին»:

Աղբյուր

Оставьте комментарий